![](/banners/BeFunky-design.jpg)
Լը Պենը և Մակրոնը խիստ մեղադրանքներ են հասցեագրել միմյանց հեռուստաբանավեճի ընթացքում
![](https://168.am/wp-content/uploads/2017/05/Makron-Ly-Pen.jpg)
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից չորս օր առաջ երկու թեկնածուները՝ Մարին լե Պենը եւ Էմանուել Մակրոնը, չափազանց թեժ հեռուստատեսային բանավեճի ընթացքում խստագույն մեղադրանքներ են ներկայացրել միմյանց, տեղեկացնում է BBC-ն:
Ծայրահեղ աջերի թեկնածու Մարին Լը Պենը 39-ամյա կենտրոնամետ Մակրոնին բնութագրել է որպես ընտրախավի թեկնածու, որը ոչ մի կարգի բարեփոխումներ չի առաջարկում:
Նա քննադատել է իսլամական ահաբեկչության դեմ պայքարելու Մակրոնի խոստումը, ինչպես նաեւ նրա պատկանելությունը երկրի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ հասարակական համակրանք չվայելող կառավարությանը:
Մակրոնը պարտք չի մնացել եւ լե Պենին մեղադրել է «ստի ռազմավարության» օգտագործման մեջ:
Բանավեճերը շարունակվել են 160 րոպե, եւ այդ ամբողջ ժամանակ երկու թեկնածուներն էլ չեն դադարել միմյանց դեմ խիստ մեղադրանքներ ներկայացնելուց:
Հեռուստաբանավեճերի ընթացքում Մարին լե Պենն ընդդիմախոսին անվանել է «վայրի գլոբալացման, անկայունության, Uber-ականացման, մեծ գործարարության կողմից տնտեսության հափշտակման թեկնածու, որը երջանիկ կլինի «Ֆրանսիան վաճառելու եղած-չեղածով եւ կորցնելու վերահսկողությունը նրա նկատմամբ»:
Մակրոնն, իր հերթին, ծաղրել է 48-ամյա Լը Պենի տնտեսական ծրագիրը՝ հատուկ ուշադրություն նվիրելով եվրոյից հրաժավելու նրա պլանների հակասականությանը: Մակրոնը նրան անվանել է «գերագույն քրմուհի, որը սարսափ է քարոզում»՝ հավելելով, որ նա շատ բան է ասում, բայց քիչ բան անում:
Նրա խոսքով՝ Լը Պենը ոչինիչ չի առաջարկում, բացի պարտվողականությունից: