Բաժիններ՝

«Եթե Գյուղնախարարությունը մեր կողքին չէ, ընդհանրապես կարող են փակել». Ֆերմեր

«Ես արդեն հավատում եմ վարչապետի աշխատանքին, որը նախկինում վստահություն չէր ներշնչում մեզ մոտ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆերմեր Վարուժան Խուդեդանյանը:

Նրա խոսքով՝ վարչապետը շատ հետևողական աշխատեց, ու մաքսային ծառայությունների հետ միասին խոչընդոտեցին լոլիկի անօրինական ներմուծումը Թուրքիայից դեպի Հայաստան, և գները կարգավորվեցին:

«Խնդրում և պահանջում ենք մեր կառավարությանը, որ իրենք հետևողական լինեն, եթե այսպես շարունակվի, մեր գյուղից, կարծում եմ, ոչ մեկը չի գնա արտագնա աշխատանքի»,- նշեց ֆերմերը, ով նաև Արարատի մարզի Դարակերտ գյուղի համայնքի ղեկավարի տեղակալն է:

Հարցին, թե՝ կարելի՞ է ասել, որ Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով այլևս լոլիկ չի ներկրվում, ֆերմերն այսպես պատասխանեց. «Այո, 95%-ը տեղական արտադրության լոլիկներ են, կարող է ինչ-որ փոքր քանակություն մաքսանենգ կամ չգիտեմ ինչ ճանապարհով ներկրվում է, բայց հիմնականում այսօր վարունգը և լոլիկը տեղական են»: Վ. Խուդեդանյանը նաև նշեց, որ մայիսի 10-15-ը Հայաստանից կսկսվի լոլիկի և վարունգի արտահանումը Ռուսաստան:

Նույն գյուղի ֆերմեր Արմեն Սիմոնյանն էլ նկատեց, որ դաշտը «մաքրված» է, բայց, ըստ նրա, դա չի նշանակում, որ այս  2-3 շաբաթով հարցը լուծվեց. «Գյուղատնտեսության խնդիրն ինքնին շատ բարդ խնդիր է, պետք է հետևողական լինենք այդ խնդիրների լուծման առումով: Մեր ունեցած ապրանքը տեղում շատ է, իսկ դրսի համար շատ քիչ է, որպեսի մենք կարողանանք Ռուսաստանի հետ պայմանագրային առևտուր կազմակերպել, պետք է բարձրացնենք մեր գյուղատնտեսության մակարդակը, այդ դեպքում մենք կարող ենք մրցունակ լինել և՛ Թուրքիայի, և՛ մնացած երկրների հետ: Մեր լոլիկի օգտակար նյութերը 2 անգամ բարձր են թուրքական լոլիկից, ինչն ինքնին նշանակում է, որ մենք ունենք որակյալ ապրանք»:

Ըստ Ա. Սիմոնյանի՝ կառավարությունը պետք է աշխատի, որ մենք անցնենք բարձր արտադրողականության. «Գյուղնախարարությունը պետք է իմանա գյուղացու խնդիրները, ես կասկածում եմ, որ Գյուղնախարարությունն այսօր այդ խնդիրներից լրիվ տեղյակ է, որովհետև մի հատ լուրջ գյուղացու, ֆերմերի հետ կլոր սեղանի լուրջ չեն նստել: Այսինքն՝ իրենց ոտքերը պետք է կեղտոտվի, ցեխոտվի, որ հասկանան՝ մեր խնդիրը որն է, իսկ եթե իրենց կոշիկները կեղտոտվեցին, հարցին լուծում կտրվի»:

Վ. Խուդեդանյանը ևս համաձայնեց, որ Գյուղնախարարությունը պետք է գյուղացու կողքին լինի. «Իսկ եթե մեր կողքին չէ, ընդհանրապես կարող են փակել Գյուղնախարարությունը, դարձնեն ինչ-որ կոմիտե կամ չգիտեմ ինչ: Եթե մենք այսօր մտել ենք ԵՏՄ, բայց նույն տեղում ենք մնացել, առաջ չենք գնում, իմաստը ո՞րն է Գյուղնախարարության»:

Ա. Սիմոնյանն էլ հավելեց, որ Արարատյան դաշտավայրի հողերը դառնում են արոտավայրեր. «Այդ հողերը ջրովի հողեր են, հանցագործություն է՝ դարձնել արոտավայր, մենք պետք է մտածենք զարգացնել կաղամբի արտադրությունը, բազուկի արտադրությունը, գազարի արտադրությունը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս