«Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով հանդիպումից առաջ ՀՀ-ն ճնշող տեղեկատվություն է ստանում, ինչն անհանգստացնող է». Ստեփան Գրիգորյան

«Զարմանալի է՝ ինչո՞ւ է հայկական կողմը մասնակցում Մոսկվայում ծրագրված Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով հանդիպմանը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով ապրիլի 28-ին Մոսկվայում կայանալիք Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով հանդիպմանը։

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ ապրիլի 28-ին Մոսկվայում երկար դադարից հետո կկայանա նախարարներ Նալբանդյանի, Լավրովի և Մամեդյարովի բանակցությունները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով։

Ուշագրավ է նաև զուգահեռաբար տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենքի ու ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ է մատակարարել։ Զենքն ու զինտեխնիկան Ադրբեջան է հասել ծովային ճանապարհով, թե հատկապես ինչ տեխնիկայի մասին է խոսքը՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը չի մանրամասնում։ Զենքի և ռազմական տեխնիկայի հետ միասին, Ադրբեջան են ժամանել նաև ռուսաստանցի մասնագետներ։

Նրանք պետք է սովորեցնեն ադրբեջանցի գործընկերներին, թե ինչպես օգտագործել այդ զենքն ու տեխնիկան։ Ստեփան Գրիգորյանն անդրադառնալով այս երկու լուրերին՝ նշեց, որ չի պատկերացնում, թե ինչպիսի օրակարգ կարող է լինել Մոսկվայում կայանալիք բանակցությունների սեղանին, եթե Ադրբեջանը բոյկոտում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները։

Ըստ նրա, եթե գոնե սկսեին իրականացվել այդ պայմանավորվածությունները, կարելի էր մտածել՝ արդյո՞ք իմաստ ունի նման հանդիպում, թե՞ ոչ, բայց երբ Ադրբեջանը կոշտ կերպով բոյկոտում է այդ պայմանավորվածությունները, ի՞նչ իմաստ ունի հանդիպել։

«Ես կարծում եմ, որ պարզապես սա Ռուսաստանի նախաձեռնությունն էր, դրա համար մերոնք չհամարձակվեցին մերժել, Ռուսաստանը նորից վերադառնում է իր ավանդական իդեաներին՝ Լավրովի պլան և այլն, դա է պատճառը, որ կայանում է այդ հանդիպումը, հակառակ դեպքում, ես չեմ կարող բացատրել, թե ինչու է Հայաստանին պետք այդ հանդիպումը։

Հերթական զենքի մատակարարման ֆոնին դա հատկապես անհանգստացնող է։ Ստացվում է, որ հանդիպումից մեկ օր առաջ մենք ստանում ենք բավականին ճնշող տեղեկատվություն, ես այստեղ որևէ լավ սպասելիք չունեմ, կասկած չունեմ, որ ոչ մի շահ չունենք այս հանդիպմանը մասնակցելու հարցում, ոչ էլ կստանանք որևէ շահ։ Ադրբեջանը ոչ էլ կփոխի իր դիրքորոշումը, կրկին նախապայմաններով կխոսի, բայց ինչո՞ւ է Հայաստանը դրան մասնակցում, դա ինձ զարմացնում է։

Ստացվում է, որ Հայաստանն ուներ հստակ դիրքորոշում և չէր մասնակցում հանդիպումների, քանի դեռ Ադրբեջանը բոյկոտում էր այս պայմանավորվածությունների իրականացումը, իսկ հիմա հայկական կողմը հրաժարվում է իր դիրքորոշումից, ի՞նչ է փոխվել, որ նրանք համաձայնեցին հանդիպել Մոսկվայում, հատկապես, երբ սա բացառապես ռուսական նախաձեռնություն է՝ առանց Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների մասնակցության»,- մեկնաբանեց Ստեփան Գրիգորյանը։

Վերլուծաբանը պատկերացնում է, թե ինչպիսի ընթացք են ունենալու բանակցությունները։ «Պարզ է, որ Ադրբեջանը կպահանջի Հայաստանից՝ հանձնել տարածքները, քանի որ գլխավոր խնդիրը սա է Ադրբեջանի համար, մինչ այլ հարցերի լուծումը նրանք պահանջում են տարածքների վերադարձ։ Մենք կպատասխանենք, որ Մադրիդյան սկզբունքներում հանրաքվեի հարց ևս կա, թող առաջինը լինի հանրաքվեն, հետո կխոսենք այլ հարցերի մասին, մերոնք կասեն, որ Վիեննայի պայմանավորվածությունները պետք է իրականացնել, ինչին կստանանք բացասական պատասխան։

Պարզ է, որ խոսակցություն է ընթանալու հարցերի մասին, որոնց շուրջ կողմերը որևէ ընդհանուր դիրքորոշում չունեն։ Սրա համար Մոսկվա մեկնելն ի՞նչ իմաստ ունի»,- ասաց Գրիգորյանը։ Նա կանխատեսում է հանդիպում ոչ թե՝ զրոյական, այլ՝ բացասական արդյունքով։ Նրա կանխատեսումներով՝ Ադրբեջանի արտգործնախարարը Մոսկվա է մեկնում այն սպասելիքով, որ Ռուսաստանը կճնշի Հայաստանին, կկորզի զիջումներ, իսկ երբ Ռուսաստանը չկարողանա կորզել, Ադրբեջանն իրեն վիրավորված կզգա, քանի որ ադրբեջանական կողմը ոչ թե մտածում է, որ Հայաստանն իրեն ինչ-որ բան կհանձնի, այլ՝ որ Ռուսաստանն այնքան մեծ ազդեցություն ունի, որ կարող է կորզել նման զիջումներ։

«Երբ պարզվի, որ չի կարող կորզել, պարզ է, որ նեղացած կլինի, և մենք կստանանք լարված իրավիճակ շփման գծում՝ կրակոցներ, և այլն, և այլն»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։ Վերջինիս համոզմամբ՝ հանդիպումից դրական սպասելիքներ չկան նաև այն պատճառով, որ հանդիպման նախաձեռնող կողմը միայն ռուսական համանախագահությունն է։ Նրա խոսքով՝ եթե հանդիպումը նախաձեռնեին և՛ ԱՄՆ-ը, և՛ ՌԴ-ն, և՛ Ֆրանսիան, կարելի էր կանխատեսել հնարավորություն, հեռանկար, որովհետև, երբ եռանախագահներն են կազմակերպում հանդիպում, այդ հանդիպումն ընթանում է օբյեկտիվ հունով։

«Երբ միայն Ռուսաստանն է, Ռուսաստանն առաջնորդվում է իր շահերով, առաջ մղում իր շահերը, իր շահն այն է, որ Ադրբեջանը միանա ԵՏՄ-ին, պարզ է, որ Ադրբեջանն էլ իր հերթին՝ այս հարցը պայմանավորում է Հայաստանի կողմից զիջումներով։ Այսինքն՝ այստեղ այլ հարցեր են առաջ գալիս։ Մինչդեռ եռանախագահների նախաձեռնությունն ավելի օգտակար և կառուցողական քննարկումներ կծավալեր հենց ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով»,- պարզաբանեց Ստեփան Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս