«Ինձ կյանքում ամենաքիչը Ձեր շնորհակալությունն է պետք». Զուրաբյանն ու Մուկուչյանը վիճեցին ՍԴ-ում

«Պարոն Մուկուչյան, [email protected] հասցեն Ձեզ ծանո՞թ է»,- այս հարցով այսօր ՍԴ-ում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի հիման վրա՝ ԱԺ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ-ի որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի լսման ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ուղղված իր հարցադրումները սկսեց դաշինքի անդամ Լևոն Զուրաբյանը:

«Ոչ»,- պատասխանեց Մուկուչյանը։

Զուրաբյանը հարցը կրկնեց, որից հետո Մուկուչյանը ճանաչեց իր հասցեն։ Իսկ թե ինչո՞ւ առաջին անգամը հերքեց, ԿԸՀ նախագահը տարակուսեց. «Թվեր չասեցի՞ք»։

«Ոչ, դա կոչվում է անգլերեն՝ «spelling»։ Այսինքն՝ այդ հասցեն ձե՞րն է»,- ասաց Զուրաբյանը։

Կարդացեք նաև

«Ի՞նչ տարբերություն»,- հարցին հարցով պատասխանեց Մուկուչյանը։

Ի վերջո, դրական պատասխան ստանալուց հետո Զուրաբյանը հայտարարեց, որ այդ հասցեով իրենք ուղարկել են իրենց դիմումը, որը Մուկուչյանը պնդում է, որ չեն ստացել, և անգամ իրենք ունեն «screenshot»-ը։

Զուրաբյանը հետաքրքրվեց, թե Մուկուչյանի կարծիքով՝ տեսախցիկների տեղադրումը նպաստե՞լ է օրինականության պահպանմանը: ԿԸՀ նախագահը նշեց, որ դրանք կարևոր նշանակություն են ունեցել՝ ընտրությունների լիակատար թափանցիկությունն ապահովելու համար, և հավելեց, որ, եթե իրենից շնորհակալություն են սպասում, այդ մասին կասի իր եզրափակիչ խոսքում:

«Ինձ կյանքում ամենաքիչը Ձեր շնորհակալությունն է պետք»,- արձագանքեց Զուրաբյանը։

Նա նաև հարցրեց՝ տնօրենների «քարոզն» ազդե՞լ է ընտրությունների արդյունքների վրա, և, եթե պարզվեր, որ ՀՀԿ շտաբից հանրակրթական դպրոցներին ու մանկապարտեզներին հանձնարարություն է տրվել ցուցակագրել, դա հիմք կլինե՞ր ՀՀԿ-ի ցուցակը չեղյալ համարելու համար։

«Եթե-ներով դատողություններ չեմ անում։ Կլիներ իրավական դիրքորոշում՝ կծանոթանայի, կասեի»,- պատասխանեց Մուկուչյանը՝ հիշեցնելով, որ գտնվում են Բարձր դատարանում, և քննվում է կոնկրետ գործ, «եթե»-ներ և այլ վարկածներ չեն քննում:

ՕՐՕ-ի և «Ելք» դաշինքի ներկայացրած դիմումներում առկա վարկածի ստուգելը, ըստ ԿԸՀ նախագահի, իրենց պարտականությունների մեջ չի մտնում:

Դիմումների և ձայնագրությունների գործի վերաբերյալ Զուրաբյանի բազմաթիվ այլ հարցերին Մուկուչյանը տվեց լակոնիկ պատասխաններ, իսկ Զուրաբյանի խնդրանքը՝ կրկնել պատասխաններից մեկը, նա մերժեց՝ նշելով, որ կարող է ձայնագրությունը լսել։

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Զուրաբյանին դիտողություն արեց, որ նա պետք է վարույթն ուսումնասիրեր, նոր գար ՍԴ:

Զուրաբյանը շարունակեց իր հարցադրումները, սակայն Մուկուչյանը հրաժարվեց պատասխանել ՕՐՕ-ի և «Ելքի» դիմումների վերաբերյալ հարցերին, քանի որ ՀԱԿ-ը դրա կողմ չի էլ եղել:

«Դա ոչ մի նշանակություն չի ունեցել՝ մենք կո՞ղմ ենք եղել, թե՞ ոչ, մենք ամբողջապես աջակցել ենք այդ վարույթին»,- նկատեց Զուրաբյանը։

«Բարոյապե՞ս»,- հեգնեց Մուկուչյանը:

Զուրաբյանը փորձեց կրկին տարբեր հարցադրումներով պարզել՝ ՀՀԿ-ի շտաբներն օգտագործե՞լ են պետական մարմինները, սակայն Մուկուչյանն ուղիղ պատասխաններ չտվեց և նշեց, որ գործի հանգամանքներն ուսումնասիրվել են։ Իսկ երբ Զուրաբյանը համեմատություն արեց 2012-ի և 2017-ի ընտրողների ցուցակների միջև, Մուկուչյանը կրկին հեգնեց. «Այսինքն՝ նորից դեժավյուի գիրկն ընկա՞ք։ Ի՞նչ կապ ունի 2012-ի ցուցակը 2017-ի ցուցակի հետ»։

Գ.Հարությունյանը միջամտեց և զգուշացրեց, որ դիմումատուն ելույթներից զերծ մնա և փորձի հարցերի միջոցով փաստական հանգամանքներ պարզել։

Ի պատասխան Զուրաբյանի պահանջի՝ բացատրել ֆենոմենը, որ երկրում տարիներ շարունակ բնակչությունը նվազում է, բայց ընտրությունների մասնակիցների թիվը մեծանում է, Մուկուչյանը նշեց, որ մարդիկ գնացել ու քվեարկել են, ցուցակները հրապարակված են, կարող են ստուգել։

Մարդկանց կուտակումների ու գերբնական ակտիվության «ֆենոմենի» մեջ Մուկուչյանը կասկածելի ոչինչ չտեսավ և նորից հորդորեց գնալ ու ստուգել։

Տեսանյութեր

Լրահոս