Ռուս զինծառայողի սպանության գործով ձերբակալվածը վնասվածքներ ունի. նա տարվել է դեպքի վայր. «ՀԺ»

Ապրիլի 22-ին սպանություն էր տեղի ունեցել Գյումրի քաղաքում. սպանվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաեւը:

Վերջինս սպանվել է ժամը 17:15-ի սահմաններում՝ Գյումրի քաղաքի «Արգո» խանութի մոտ. նա սպանվել է կտրող-ծակող առարկայից հասցված վնասվածքներից: 21-ամյա ռուս զինծառայողի սպանության գործով նույն օրը ձերբակալվել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ 21-ամյա Արման Ջանջուղազյանը:

Ռուս զինծառայողի սպանության գործով ձերբակալվածին տրամադրվել է հանրային պաշտպան: Նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը պատասխանել է մեր մի քանի հարցերին:

Պարոն Հայրապետյան, այս պահին ի՞նչ կարգավիճակ ունի Արման Ջանջուղազյանը: Նրան մեղադրանք առաջադրվե՞լ է:

– Ձերբակալված է, ունի կասկածյալի կարգավիճակ: Վաղը նրա ձերբակալման 72 ժամը կլրանա, այսինքն՝ պետք է վաղը մեղադրանք առաջադրելու հարցը քննարկվի:

Որպես կասկածյալ ընդունո՞ւմ է իր մեղավորությունը:

– Ցուցմունք տվել է, դեպքը նկարագրել է, սակայն իր դիրքորոշումը չեմ կարող ես հայտնել, որովհետեւ նրա ասած տվյալները նախաքննական գաղտնիք են: Ինֆորմացիա իրավասու չեմ տալ:

Այնուամենայնիվ, ինքն ասում է՝ ինչի՞ է դանակով հարվածել, վիճաբանությո՞ւն է եղել:

– Ջանջուղազյանը դեպքը նկարագրում է, սակայն բովանդակությունը թե ինչ է եղել, ես իրավասու չեմ հրապարակելու:

Սպանության շարժառիթը նույնպե՞ս չեք կարող ասել:

– Ես չեմ կարող դա հրապարակել, նախաքննական մարմինը պետք է հրապարակի:

Պարոն Հայրապետյան, ձեզ հայտնի է, թե քանի՞ վնասվածք է հասցվել ռուս զինծառայողին:

-Մեկից ավելի:

Մոտավոր քանի՞ հարված է եղել:

– Երկու հարվածը ֆիքսված է, մնացածը դատաբժշկական փորձաքննությամբ կպարզվի:

Ձերբակալված Արման Ջանջուղազյանն այժմ որտե՞ղ է պահվում:

– Երեկ տեղափոխեցին քաղաք Երեւան, որովհետեւ գործը քննվում է Երեւանի քննչական կոմիտեի գլխավոր վարչությունում:

Դեպքի պահին մենա՞կ է եղել, ձեզ ի՞նչ տվյալներ են հայտնի:

– Ըստ իմ տվյալների, այո, միայնակ է եղել:

Պարոն Հայրապետյան, դեպքից անմիջապես հետո ՔԿ-ն տարածեց, որ ձերբակալված անձը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի: Ձեզ այս մասով ի՞նչ մանրամասներ են հայտնի:

– Ես քրեական գործում ներգրավվել եմ հենց այդ հիմքով, նախաքննական մարմինը տվյալներ ունի, որ նա հոգեկան առողջության խնդիրներ ունի: Իմ ունեցած տվյալները հետեւյալն են՝ նա 2016 թ.-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ Կապանում, այնուհետեւ 3 ամիս անց բժշկական հանձնաժողովը հայտնաբերել է հոգեկան առողջության խնդիրներ, հենց այդ հիմքով էլ ինքը զորացրվել է:

Հիմա դեպքի պահին մեղսունա՞կ է եղել:

-Մեղսունակ է եղել, թե՝ անմեղսունակ, այդ հարցին կարող է պատասխանել միայն քրեական գործով նշանակված դատահոգեբուժական փորձաքննությունը:

Իսկ նա ստացիոնար բուժում ստացե՞լ է:

– Որեւէ բուժում չի ստացել, այս տեղեկությունները՝ ծառայության ընթացքում իրականացված փորձաքննության արդյունքներից են հայտնի:

Դուք տեղյա՞կ եք հոգեկան առողջության խնդիրները ծառայության ընթացքում է ձեռք բերել, թե՞ մինչ զորակոչվելը:

– Մանրամասները դեռ չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում պիտանի է ճանաչվել ծառայության համար եւ հետո հայտնաբերել են, որ խնդիրներ ունի:

Պարոն Հայրապետյան, սպանված ռուս զինծառայողին, ձեր վստահորդը նախկինում ճանաչե՞լ է, ի՞նչ հարաբերությունների մեջ են եղել:

– Որքան ես տեղյակ եմ, ոչ, չի ճանաչել:

Նրա մասնակցությամբ ի՞նչ քննչական գործողություններ են տեղի ունեցել:

– Քննչական փորձարարություն է կատարվել:

Այսինքն՝ տարե՞լ են դեպքի վայր:

– Այո, գնացել է, նկարագրել է դեպքը:

Նա նախկինում դատված եղե՞լ է:

– Ոչ:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նա նախկինում ինքնավնասումներ է կատարել: Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք:

– Նրա մոտ դեպքի օրը վնասվածքներ են հայտնաբերել, սակայն դա պատճառվել է տուժողի՞ կողմից, թե՞ իր գործողությունների հետեւանքով, չեմ կարող ասել: Դեպքից հետո նրա մարմնի վրա վնասվածքներ են առկա եղել:

Մարմնի ո՞ր հատվածում են վնասվածքները:

– Ձեռքի, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախկինում էլ արված ինքնավնասումները կապված են հենց հոգեկան առողջության հետ:

Արման Ջանջուղազյանը ինչո՞վ է զբաղվել, աշխատե՞լ է:

– Ոչ մի զբաղմունք չի ունեցել:

Նա Գյումրիո՞ւմ է ապրում:

– Ոչ, Արման Ջանջուղազյանը Ստեփանավան քաղաքից է, որքան ես տեղյակ եմ Գյումրի հենց դեպքի օրն է եկել՝ առաջին անգամ:

Ամուսնացա՞ծ է:

-Ոչ, ապրում է պապիկի հետ: Ծնողները բաժանված են, թե՝ մահացած են չգիտեմ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս