«Աբխազական ուղու բացումը ռուսական թակարդ կդառնա ողջ Հարավային Կովկասի համար». Սոսո Ցինցաձե

«Աբխազական ուղու բացումը սպառնալիք է ինչպես՝ Վրաստանի, այնպես էլ՝ Հայաստանի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով օրերս Սուխումում Լավրով-Խաջիմբա բանակցություններին:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սուխումում Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, թե Ռուսաստանը դեմ չէ, որ բացվի տարանցիկ հաղորդակցություն Աբխազիայով դեպի Հայաստան, և որևէ առարկություն չունի, որպեսզի բեռների փոխադրումը Հայաստանի և Աբխազիայի միջև վերականգնվի:

Ավելին, այդ հաղորդակցության վերականգնման համար, Լավրովի խոսքով, կա անհրաժեշտ իրավական հիմք: Մասնավորապես, խոսքն այն պայմավորվածությունների մասին է, որոնք ձեռք էին բերվել Ռուսաստանի և Առևտրի համաշխարհային կազմակերպության միջև 2011 թվականին։

«Մենք գիտենք, որ մեր հայաստանցի գործընկերները շահագրգռված են այս հարցում, այսօր նաև Աբխազիայի նախագահն է ասել, որ չեն առարկում»,- ասել էր Սերգեյ Լավրովը: Խաջիմբան, իր հերթին, հայտարարել է, որ Աբխազիան պատրաստ է Ռուսաստանից Հայաստան բեռների փոխադրմանը և շահագրգռված է դրանում, քանի որ այդ տարանցիկ փոխադրումները հավելյալ միջոցներ կբերեն աբխազական բյուջե: Սոսո Ցինցաձեն ասաց, որ Վրաստանի հետ այս հարցով բանակցություններ չի վարում ո՛չ ռուսական, ո՛չ հայկական կողմը:

Այս հարցում, ըստ նրա՝ հստակ է Վրաստանի իշխանությունների դիրքորոշումը, ուստի Հայաստան-Վրաստան բանակցությունները ևս երկաթուղու բացման հարցով անիմաստ են, քանի որ վրաց-ռուսական հարաբերությունները չափազանց հեռու են կարգավորման փուլից, Ռուսաստանը շարունակում է խախտել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ Հայաստանն այս կարևոր հարցում Վրաստանին չի կարող երաշխիքներ տրամադրել:

Նա հիշեցրեց նաև, որ Վրաստանի իշխանությունները հերքել են նման բանակցությունների մասին խոսակցությունները:

«Վրաստանի իշխանությունները չեն կարող նման հարցերով բանակցություններ սկսել, քանի դեռ կա Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցը, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է այս տարածքները միացնել իր քաղաքական համակարգին՝ խորացնելով այդ տարածքների հետ ռազմական, քաղաքական համագործակցությունը, քանի դեռ ռուս-վրացական բանակցությունները կառուցողական փուլ չեն մտել:

Աբխազական երկաթուղու բացումն ուղիղ սպառնալիք է Վրաստանի համար, որը երբեք չի դիտարկվի, հասարակությունը ևս դրան դեմ է»,- նման տեսակետ հայտնեց Սոսո Ցինցաձեն: Վերջինս գտնում է, որ այս ուղու բացումը սպառնալիք է նաև Հայաստանի համար: «Հայաստանին այս ուղին տնտեսական օգուտներ չի բերելու, քանի որ դրա բացման նպատակը տարածաշրջանում, մասնավորապես՝ Վրաստանի, Հայաստանի, Աբխազիայի նկատմամբ ռուսական ազդեցության ընդլայնումն է:

Այս հարցում ևս Ռուսաստանն առաջնորդվում է ոչ թե տնտեսական նպատակահարմարությամբ, այլ քաղաքական ազդեցություն հաստատելու նպատակով, ինչպես և ստեղծվեց Եվրասիական տնտեսական միությունը, որը տնտեսական նպատակահարմարություն չունի: Աբխազական ուղու բացումը ռուսական թակարդ կդառնա ողջ տարածաշրջանի համար»,- ասաց վրացի վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս