Բաժիններ՝

«Ես չեմ ասել, թե կվերացնենք այս խնդիրը երեք օրվա ընթացքում». Արծվիկ Մինասյան

«Բնապահպանության նախարարությունը պատրաստ է ոչ միան Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված գործառույթներն ամբողջությամբ իրացնել, այլ նաև բնական ռեսուրսների ողջ կառավարման համակարգը դարձնել պետության, հասարակության կայուն զարգացման հիմք։ Սա սկզբունք է, որից ես որևէ ձևով նահանջել չեմ կարող»,- այսօր հասարակական սեկտորի ներկայացուցիչների և լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

Նախարարը նշեց, որ «Հեռու Գոշից» նախաձեռնության անդամների և իր հետ նախորդ հանդիպումից հետո թյուր տեղեկատվություն է տարածվել, թե իբր ինքն ասել է՝ երեք օրում կվերացնեն այն իրավիճակը, որն առաջացել է Գոշ լճի տարածքում։

«Ես չեմ ասել, թե կվերացնենք այս խնդիրը երեք օրվա ընթացքում, ես ասել եմ, որ ծառայողական քննությունը երեք օրից կավարտվի և մենք կունենանք վիճակի գնահատում։ Վիճակի գնահատումն արդեն ունենք, և որևէ վարքագիծ այնտեղ չի կարող դրսևորվել վարձակալի կողմից, քանի դեռ պատշաճ էկոլոգիական փորձաքննություն չի անցել այն ծրագիրը, որն իրենք պատրաստվում են իրագործել։

Ծառայողական քննության հիման վրա արդեն իսկ նկատողություն է հայտարարվել այս տարածքի անտառապահի նկատմամբ, որ առնվազն նա պետք է տեղեկացված լիներ, փաստաթղթերն ուսումնասիրեր ու  զեկուցեր, որ այդպիսի գործողություն է կատարվել։ Գոշի լճի ափին գոյացած տիղմը ազգային պարկի միջոցով և վարձակալի ֆինանասավորմամբ մաքրելու ենք։ Մենք հետևելու ենք, որ հավուր պատշաճի վարչական պատասխանատվության ենթարկվի նախաձեռնողը, որն առանց փորձաքննության իրականացրել է այս գործողությունը։ Հիմա բնապահպանական տեսչությունը շարունակում է այնտեղ գնահատման և ստուգման աշխատանքները, որպեսզի մենք կարողանանք այնտեղ շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը գնահատել»։

Կարդացեք նաև

Նախարարի խոսքով՝ ապօրինի և վանդալիզմի հասնող վայրագությունները Հայաստանում ոչ թե մի, այլ մի քանի տեղում են արձանագրվում. «Մենք փորձում ենք ուժեղացնել մեր եղած հնարավորությունները, բայց ամբողջ համակարգում ռեֆորմի խնդիր ունենք։ Եթե վերցնենք միայն Դիլիջան ազգային պարկի կտրվածքով, ապա այսօր նպատակային օգտագործելու տեսանկյունից կարիք ունենք ծրագրային գաղափարների, մոտեցումների։ Մենք հրաժարվելու ենք ամեն գնով շահույթ ստանալու որևէ նախաձեռնությունից։ Այսօր տեսչության լիազորությունները միայն արձագանքման մասով են ուժեղ, մնացած մասերով խիստ թույլ են։ Մենք առաջարկել ենք ռեֆորմի ենթարկել այս համակարգը, որ տեսուչներն ունենան բավարար լիազորություններ և պետական վերահսկումը լինի ավելի նպատակային»։

«Հեռու Գոշից» նախաձեռնության անդամ Հայկ Մարկոսյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չի խզվում պայմանագիրը, ինչին ի պատասխան նախարարն ասաց, որ Գոշի լճի տարածքը շահագործելու վերաբերյալ պայմանագրով են շարժվում, իսկ օրենքը հղում է տալիս պայմանագրին. «Մեր գործողությունների հիմքում պետք է բացառապես օրենքը լինի, իսկ պայմանագրով նախատեսված են գործողություններ հիմքեր, որով շարժվում ենք և կասեցրել ենք որևէ գործողություն այստեղ։ Բացառելու ենք որևէ գործողություն քանի դեռ չկա պատշաճ փորձաքննություն անցած համապատասխան ծրագիր։ Չի լինելու մի կառուցապատում, որն էկոհամակարգին վնաս է տալու»։

Քննարկման մեկ այլ մասնակից` Արմեն Ավագյանը, հայտարարեց, որ այնտեղ արմատախիլ արված ծառեր կան, և ներկայացրեց դրանց լուսանկարները: Նախարարն էլ նշեց, որ տեսչությունն աշխատում է այնտեղ և դեռ աշխատանքները չեն ավարտվել, իսկ վարձակալը պարզաբանել է, թե պարզապես ցանկացել է մաքրել տիղմը՝ չիմանալով, թե բնությանը վնաս են հասցնում:

Քննարկման մասնակիցները բարձրացրին տարածքի աղբահանության խնդիրը, որին նախարարը խոստացավ լուծում տալ։

Նախարարը նշեց, որ Գոշի լճի հարակից տարածքում նախկինում ավտոարշավների կազմակերպում է տեղի ունեցել, ինչն ըստ նրա՝ այլանդակություն է. «Օրինակ՝ ինչո՞ւ նաև այդ հարցը չեք դնում։ Ես հանձնարարել եմ, որ բացահայտենք, թե ինչ է կատարվում, ինչո՞ւ պատշաճ հսկողություն չի եղել այդ մասով, և արդյո՞ք դա նախատեսված էր դրա համար, ինչն այլանդակություն է բնության նկատմամբ, չի համապատասխանում այդ էկոհամակարգին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս