«Վրաստանով ցանկացած բեռնափոխադրում պետք է իրականացվի երկրի օրենսդրությամբ». Ջանելիձե

Վրաստանի տարածքով ցանկացած բեռնափոխադրում պետք է իրականացվի ըստ Վրաստանի օրենսդրության: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարարի և Աբխազիայի նախագահի հայտարարությունները ՌԴ-ից Հայաստան Աբխազիայի տարածքով տարանցիկ փոխադրումների վերսկսման հնարավորության վերաբերյալ:

Նրա խոսքով՝ բոլոր որոշումներն այդ հարցում պետք է ընդունի Վրաստանի կառավարությունը, այդ թվում Աբխազիայի գծով:

Ջանելիձեն հիշեցրել է, որ Վրաստանն ու ՌԴ-ն 2011-ին համաձայնագիր են ստորագրել, որով նախատեսվում է երկու երկրների առևտրի մշտադիտարկում:

«Քանի որ Վրաստանը չի կարող վերահսկել Աբխազիայի հետ սահմանը, համաձայնագրով նախատեսվում է երրորդ կողմի դիտարկում այդ տարածքում, որը կհետևեի Վրաստանի և ՌԴ միջև առևտրին»,-պարզաբանել է նախարարն ու ասել, որ կողմերի համար այլ պարտավորություններ համաձայնագրով նախատեսված չեն:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը խոչընդոտներ չի տեսնում Աբխազիայի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումը վերականգնելու համար: Աբխազիայի նախագահ Հաջիմբան իր հերթին նշել է , որ երթուղու բացումը դրական ազդեցություն կունենա երկրի վրա:

2011-ին կնքված համաձայնագիրն այդպես էլ ուժի մեջ չի մտել:

Տեսանյութեր

Լրահոս