1%-ի կանոնը. Ինչու՞ են ոմանք ստանում ամեն ինչ, իսկ մյուսները՝ ոչինչ

10 անգամ ավելի հարուստ և հաջողակ դառնալու համար պետք է ոչ թե զօր ու գիշեր աշխատել և կաշվից դուրս գալ, այլ գտնել արդյունավետ աշխատելու բանաձևը: 1%-ի կանոնի մասին է պատմում հայտնի բլոգեր, IT ոլորտի մասնագետ Ջեյմս Քլիրը:

«Պատկերացրեք կողք կողքի աճող ծառերի երկու շարք: Ծառերից յուրաքանչյուրը ամեն օր պայքարում է արևի շողի համար: Եթե ծառերից մեկը գոնե մի փոքր ավելի շատ աճի, ապա ավելի շատ կստանա արևի լույսը և ավելի շուտ կզգա անձրևը: Այդ լրացուցիչ էներգիայի շնորհիվ, հաջորդ օրը նույն ծառը մի փոքր ավելի աճելու հնարավորություն կունենա: Ժամանակի ընթացքում նա կփակի ևս մի ծառի համար նախատեսված արևի լույսը, ինչի շնորհիվ էլ ավելի կբարձրանա:

Նման ծառը ավելի շատ սերմեր կտա, և նշանակում է, որ այդ ծառատեսակը ավելի կբազմանա: Սա շարունակական բնույթ կունենա այնքան ժամանակ, մինչև այդ ծառատեսակը գերիշխող դիրք չունենա անտառում:

Հաղթողը ստանում է ամեն ինչ

Նույնը լինում է մարդկանց դեպքում: Ինչպես ծառերը անտառում, այնպես էլ մարդիկ անընդհատ պայքարում են նույն ռեսուրսի համար: Քաղաքական գործիչները պայքարում են ընտրողների ձայների համար, գրողները՝ բեսթսելերների շարքում տեղ գտնելու, սպորտսմենները՝ ոսկե մեդալի, ընկերությունները՝ պոտենցիալ հաճախորդների համար:

Բավական է ստանալ 1%-ի առավելություն,1 վայրկյան, 1 դոլար՝ մրցանակների 100 %-ը ստանալու համար:

Հաղթողը ստանում է մեծ մասը

Հաղթողը ստանում է ամեն ինչ սկզբունքը աշխատում է հիմնականում անհատական գործունեությունում և հաճախ հանգեցնում է «Հաղթողը ստանում է մեծ մասը» արդյունքին:

Շահեկան դրությունում լինելով՝ հաղթողը սկսում է ունենալ նոր ու նոր հնարավորություններ, որոնք օգնում են նրան կրկին հաղթել: Այն, ինչ սկզբում թվում է միայն մի փոքր առավելություն, արդեն դառնում է 20/80-ի հարաբերությամբ առավելություն:

Մի հաղթանակը մեծացնում է մյուս հաղթանակի հնարավորությունը: Իսկ յուրաքանչյուր հաջորդ հաջողությունը ամրացնում է հաղթող լինելու իրադրությունը:

Վերջում հաղթանակն ու հաջողությունը լինում է այն մարդկանց մոտ, ովքեր ամենասկզբում միայն մի փոքր էին գերազանցում մրցակիցներին, իսկ նա, ով մի փոքր հետ է մնում, մնում է ձեռնունայն:

Հիմա եկեք վերադառնանք առաջին հարցերից մեկին: Ինչու՞ են մի շարք ընկերություններ և անհատներ ստանում ամեն ինչ, իսկ մյուսները, չնայած կատարած մեծ աշխատանքին, ոչինչ:

Մեկ տոկոսի կանոնը

Անգամ մեկ տոկոս առավելությունը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել մեծ առաջընթացի: Դրա համար պետք է ընտրել աշխատանքի ճիշտ սկզբունքներ:

Անհրաժեշտ է ընդամենը 1 տոկոսով շրջանցել մրցակիցներին: Սակայն դրա համար պետք է այդ մեկ տոկոս առավելության մասին մտածել ամեն օր: Օր օրի կսկսեք հաղթանակներ ունենալ հենց այդ մեկ տոկոսի շնորհիվ: Յուրաքանչյուր հաղթանակ կբերի էլ ավելի լավ արդյունքի:

Հենց սա է մեկ տոկոսի կանոնը: Բայց պետք է լինել 2 անգամ ավելի լավը, որպեսզի ստանաք 2 անգամ ավելի շատ: Պետք է լինել լավը ընդամենը 1 տոկոսով»:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս