Բաժիններ՝

«Բոլորս այստեղ մեկ վախ ունենք, որ կկորցնենք մեր արմատները…»

«Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքն այս անգամ ներկայացնում է Անի Սարիբեկյանի պատմությունը։ Անին ընտանիքի հետ Ավստրիա է տեղափոխվել 2001թ.։

«Երբ մեկնեցինք Հայաստանից՝ 12 տարեկան էի։ Հայաստանում հասցրել էի ավարտել երաժշտական դպրոցը։ 6 տարեկանում էի ընդունվել և ընդամենը 5 տարում կարողացա կարմիր դիպլոմով ավարտել, իսկ ինչպես գիտեք՝ սովորաբար 7 տարի է լինում երաժշտական դպրոցում ուսանելու տևողությունը։ Հետո տեղափոխվեցինք Ավստրիա, որտեղ հիմնական դպրոց ընդունվեցի՝ զուգահեռ սովորելով նաև երաժշտական դպրոցում։ Այնուհետև ավարտեցի երաժշտական ուղղվածությամբ ավագ դպրոցը և ընդունվեցի Վիեննայի պետական երաժշտական համալսարանի (Universität für Musik und darstellende Kunst Wien) երգ-երաժշտության և դաշնամուրի բաժինները, նաև՝ Վիեննայի պետական համալսարանի իտալերենի բաժինը։

Այնտեղ ուսանողը հնարավորություն ունի 1-ից ավելի բուհերում զուգահեռ սովորել։ Ես որոշեցի 3 ուղղությամբ սովորել, որպեսզի հետագայում դասավանդեմ»,- մեզ հետ զրույցում պատմեց Անին՝ հավելելով, որ երաժշտական ու պետական համալսարանների միջև տարբերությունը մեծ է։

Կարդացեք նաև

«Երաժշտական համալսարանում ավելի շատ գործնական մասի վրա ենք կենտրոնանում. երգել, խմբավարություն անել, և այլն։ Իսկ պետական համալսարանում դասերը մի քիչ ավելի ձանձրալի են կազմակերպվում, այսինքն՝ նյութը տալիս են, դու պետք է սովորես։ Հայաստանում բակալավրիատը տևում է 4 տարի, և 4 տարի անց ավարտում ես, իսկ Ավստրիայում դու ունես ցանկ, որում եղած ամբողջ դասախոսությունները պետք է անցած լինես, որ ստանաս քո դիպլոմը։ Օրինակ՝ իմ ընտրած բաժինը պետք է ավարտեմ 5.5 տարում, որի ընթացքում չնչին գումար եմ վճարում, իսկ եթե չհասցնեմ այդ մինիմալ ժամանակահատվածում վերջացնել, արդեն սկսում եմ ավելի շատ գումար վճարել»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Անին հայկական և ավստրիական կրթական համակարգերի մեկ այլ տարբերության մասին էլ նշեց։ Նա դաշնամուրի բաժնի բակալավրիատն արդեն ավարտել է, իսկ երաժշտությունն ու իտալերենը միասին են, և կավարտի միայն դիպլոմայինը պաշտպանելուց հետո. «Այսինքն՝ մի ուսումս բակալավրիատն էր, որն ավարտեցի ու կարող էի մագիստրատուրայում շարունակել, բայց այս պահին ցանկություն չունեի, իսկ մյուսը՝ դեռ չեմ ավարտել, պետք է դիպլոմայինս վերջացնեմ ու պաշտպանեմ»։

Ուսումնառության ժամանակ Անին առիթը բաց չի թողել և եվրոպացի ուսանողներին բազմիցս ներկայացրել է հայկական երգ-երաժշտությունը. «Դասախոսս ինձ հնարավորություն տվեց և օգնեց, որ հայկական երաժշտությունն էլ կարողանամ տարածել։ Ներկայացրել եմ Կոմիտաս, Բաբաջանյան, բեմադրել ենք Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»՝ մշակված երկու դաշնամուրի համար, որի երկրորդ դաշնակահարուհին ավստրուհի է ու իմ միջոցով ծանոթանալով հայկական երաժշտությանը՝ շատ սիրեց այն, և այլն։ Հայկական երաժշտությունը շատ դրական է ընդունվում եվրոպացիների կողմից»։

Անին հիմա դաշնամուր ու երգեցողություն է դասավանդում Վիեննայի երաժշտական ուղղվածության հիմնական և ավագ դպրոցներում, նաև ակտիվ աշխատանք է տանում հայկական Սփյուռքի հետ։ Նա տիրապետում է մի քանի երաժշտական գործիքների՝ դաշնամուր, կիթառ, սաքսոֆոն. «Շատ ակտիվ եմ Վիեննայի հայկական համայնքում։ Հայ Առաքելական եկեղեցի միշտ հաճախում էի, բայց միայն 4-5 տարի առաջ համարձակվեցի բարձրանալ երգչախմբի մոտ, և տպավորված այդ հիասքանչ հոգևոր երաժշտությունից՝ որոշեցի երգել։

Հիմա երգում եմ եկեղեցու երգչախմբում, իսկ երբ դիրիժորը բացակա է լինում՝ նաև դիրիժորություն եմ անում։ 1.5 տարի առաջ ինձ առաջարկեցին հայկական համայնքում 1970-ականներից ստեղծված «Անի» երգչախումբը ղեկավարել, ես էլ հաճույքով համաձայնեցի։ Երգչախմբում երգում ենք միայն ազգային, հայրենասիրական երգեր։ Երբ խումբը վերցնում էի, այն փոքր էր՝ բաղկացած մոտ 7-8 հոգուց, իսկ հիմա մեկ ու կես տարի արդեն անցել է, և մոտ 30 հոգանոց երգչախումբ է դարձել։ Խմբի անդամներից գրեթե ոչ ոք երաժշտական կրթություն չունի, և երկարատև աշխատանքից հետո՝ հիմա պատրաստ են քառաձայն երգել»։

Խոսելով Վիեննայի հայկական համայնքի մասին՝ Անին նշեց, որ նրանք կառչած են իրենց արմատներից. «Բոլորս այնտեղ մեկ վախ ունենք, որ կկորցնենք մեր արմատները, դրա համար կառչում ենք հայրենիքից։ Իսկ Հայաստանում ապրողներն այդ վախը չունեն։ Այնտեղ ապրող հայերը շատ բաց են, շատ ակտիվ։ Վիեննայում գործում է «Արարատ» սպորտային միությունը, որտեղ կարող ես տարբեր սպորտաձևերի հաճախել։ Ունենք թատերախումբ, որտեղ վերջին ներկայացման ժամանակ գլխավոր դերում հանդես եկա. բեմադրեցինք Գուրգեն Խանջյանի «Ինձնից պրծում չկա» պիեսը։ Սպասում ենք մյուս բեմադրությանը։ Համերգներ էլ են կազմակերպվում, օրինակ՝ ապրիլի 23-24-ն «Անի» երգչախումբը ելույթ է ունենալու Վիեննայի Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ»։

Անին մի քանի օրով Հայաստան է եկել՝ հատուկ առաքելությամբ. դիպլոմային աշխատանքի համար նրան հայկական գրականություն է անհրաժեշտ. «Կոմիտաս եմ ուզում ներկայացնել, ու չեմ կարող հայկականը թողած՝ գնալ՝ Մոցարտի մասին ինչ-որ բան գրել։ Հիմա գրախանութից գրախանութ եմ վազում, նյութեր եմ հավաքում։ Ավստրիայի գրադարանում, երբ փնտրեցի Կոմիտաս, ցավոք, մեկ-երկու դիպլոմային գտա, և ավելի նյութ չկար գերմաներենով։ Բայց Կոմիտասն իրոք հսկայական գործ է արել, և նրա մասին պետք է շատ խոսվի»։

Մեր զրուցակիցը նշեց, որ անհատական երաժշտական կարիերա ունենալու մասին չի մտածում, քանի որ, նրա խոսքով՝ Վիեննայում կամ պետք է լինես դաշնակահարուհի, ունենաս կարիերա և մոռանաս ամեն ինչի մասին, կամ շարունակես զբաղվել այն ամենով, ինչ հոգեհարազատ է քեզ. «Բեմեր շատ եմ բարձրացել, բայց դա ինձ այդքան էլ չի գրավում, ինձ համար ավելի կարևոր է՝ հոգիս դնել այն աշխատանքի մեջ, ինչ հիմա եմ անում։ Ես դա ավելի կարևոր գործ եմ համարում։ Շատ մարդիկ կարող են բեմ բարձրանալ, նվագել Արամ Խաչատրյան, Մոցարտ կամ Բեթհովեն, բայց քչերը կարող են դասավանդել»։

Հետաքրքրվեցի, թե ի՞նչ է տալիս օտարազգի մարդկանց հետ շփումը։ «Կյանքիս կեսն անցկացրել եմ Հայաստանում, իսկ կեսից ավելին՝ Ավստրիայում, ու շատ բաներ հայերի մեջ չեմ հավանում, շատ բաներ՝ ավստրիացիների։ Հարստություն եմ համարում ինձ տրված այդ հնարավորությունը՝ երկու մենթալիտետներ ճանաչել, ու քաղում եմ այն, ինչը հավանում եմ երկու միջավայրերում։ Միջավայրի փոփոխության արդյունքում տարբեր լեզուներ ես սովորում. գիտեմ հայերեն, անգլերեն, իտալերեն, գերմաներեն և ռուսերեն»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Ապագայի պլանների մասին Անին չի սիրում խոսել, այս պահին նրա համար կարևոր է դիպլոմային աշխատանքը պաշտպանել, շարունակել իր ներկայիս աշխատանքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս