Արծվիկը եվրատեսիլյան բեմում կլինի 2 պարողների և 3 բեքվոկալիստների հետ
«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկը մայիսի 9-ին Կիեւի բեմում կլինի 2 պարողների եւ 3 բեքվոկալիստների հետ: Բեմադրության հեղինակը շվեդ ռեժիսոր Սաշա ԺանԲապտիստն է, ով «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանի քննարկված եւ սիրված ելույթի բեմադրության հեղինակն էր:
Սաշա ԺանԲապտիստի խոսքով՝ ինքը տպավորվել է Արծվիկի ձայնի հզորությունից եւ տեմբրի գեղեցկությունից, երբ առաջին անգամ հնարավորություն է ունեցել լսելու եվրատեսիլյան երգը:
«Ինձ գերեց նրա հմայքը, կանացիությունը եւ անկեղծությունը: Իսկ երբ լսեցի երգը,
հասկացա որ պիտի համադրեմ այս ամենը՝ համեմելով տարբեր նորարարական տարրերով»,-նշեց նա՝ հավելելով, որ սպասվելիք բեմադրությունը հնարավոր է բնութագրել երեք բառով՝ ժամանակակից, էքսպերիմենտալ, ինտրիգային:
Արծվիկի հետ բեմում պարողները կլինեն Մարլեն Լինդալը եւ Ֆաննի Սվենսոնը, ովքեր Արծվիկի եվրատեսիլյան թիմին միացել են Շվեդիայից, իսկ բեքվոկալիստները՝ Իվետա Մուկուչյանի բեք վոկալիստ Անուշիկ ՏերՂուկասյանն է, «Դեպի եվրատեսիլ» մրցույթի մասնակից Ամալյա Մարգարյանը եւ Վիկտորիա Պողոսյանը: «Սա միջազգային նախագիծ է. պարողների հետ փորձերը տեղի են ունենում Շվեդիայում, Արծվիկի հետ՝ Հայաստանում, իսկ Կիեւի բեմը մեզ բոլորիս կմիավորի»:
Սաշայի խոսքով՝ Հայաստանի համար աշխատելը մեծ պատիվ եւ բավականություն է պատճառում իրեն, քանի որ հայկական եվրատեսիլյան պատվիրակությունը առաջադեմ է, համարձակ եւ հավակնոտ: