Բաժիններ՝

Սկանդալային գրառում և հետաքննություն Թուրքիայում

Սոցցանցերում սկանդալային հրապարակմամբ հանդես եկած Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակցի դեմ հետաքննություն է սկսվել: Թուրքական «mynet.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ իշխող կուսակցության կողմնակից Օմեր Աքբայրաքը Facebook-ում կատարված գրառումով դժգոհել է ընդդիմադիր «ժողովրդահանրապետական»  կուսակցությունից (ԺՀԿ-CHP)՝ ասելով.

«Սիրելի ընկերներ, ԺՀԿ-ն բացահայտորեն պատերազմ է հայտարարում և այս առումով պատրաստ է ամեն ինչի: Մեջլիսում նրանց ողջ ագրեսիան, խոսքն ու գործողությունները ուղղված են «այո» ասողների դեմ:  Ապրիլի 17-ին, երբ մենք հաղթանակ տոնենք, սրանց կանայք ու աղջիկները որպես ավար հալալ կլինեն «այո» ասողներին»:

Գրառումը բուռն արձագանք է գտել կայքի թուրքական տիրույթում, որոշ ժամանակ անց Աքբայրաքը հարկադրված է եղել ջնջել այն:

Հավելենք նաև, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) բազմաթիվ ներկայացուցիչներ աջակցություն են հայտնել Օմեր Աքբայրաքին՝ թիրախավորելով ԺԴՀ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին: Օգտատերերից մեկը գրել է, թե Քըլըչդարօղլուի ընտանիքի բոլոր կանայք ու աղջիկները ևս հալալ են «այո» ասողներին:

ԺՀԿ-ի ներկայացուցիչ Ալի Շեքերը Օմեր Աքբայրաքի դեմ հայց  է ներկայացրել Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազություն՝ իր վերոնշյալ գրառմամբ հասարակության մեջ քեն ու թշնամանք հրահրելու, վիրավորելու և սպառնալու մեղադրանքով:

Հայց է ներկայացվել նաև Օսմանիե նահանգի Դյուզիչիի քաղաքապետ Օքքեշ Նամլըի դեմ, ով հայտարարել էր, թե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում դեմ քվեարկող քաղաքացիներին հեռացնելու է աշխատանքից: Նամլըն մեղադրվել է պաշտոնական դրքի չարաշահման և քաղաքացիներին վիրավորելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս