Բաժիններ՝

Դավիթ Բաբայան. «Սուրբ Զատկի տոնին ընդառաջ Ադրբեջանն անում է իր սև գործը». armradio.am

Armradio.am-ն գրում է. Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 13-ի և լույս 14-ի գիշերը կրկին անհանգիստ է եղել. հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 620 կրակոց:

Այս մասին հաղորդել է Արցախի Հանրապետության Պաշտպանական բանակի լրատվական ծառայությունը՝ շեշտելով, որ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Ադրբեջանը պատրաստվում է ապրիլի 16-ից լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնել: Սահմանային լարվածության եւ զորավարժություններ անցկացնելու Ադրբեջանի մտադրության շուրջ մեր գործընկերը զրուցել է ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի եւ ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:

Հերթական անգամ սրելով արցախա-ադրբեջանական սահմանային իրավիճակը՝ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ է կիրառել: Անդրադառնալով փաստին՝ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նկատեց, որ Ադրբեջանն իր բնույթին հավատարիմ է մնում: Պետք է հաշվի առնել, որ երբ տոն օրեր են մոտենում հակառակորդն ընդգծված ձեւով իր սեւ գործն է փորձում անել՝ լարել իրավիճակը: Հիմա էլ Սուրբ Զատկի տոնին ընդառաջ է նույնը անում:

«Ստեփանակերտը մոտ 10 տարի առաջ համանախագահներին առաջարկել է՝ որպես փոխվստահության և կայունության պահպանման մեխանիզմ, ներդնել այն գաղափարը, որ տոն օրերին՝ կրոնական, ազգային, զինադադարի ռեժիմը չխախտվի: Համանախագահները սա ընդունել են որպես կարևոր առաջարկ, բայց Ադրբեջանը ոչ միայն մերժել է, այլև ի հակառակ դրան՝ հատուկ ընդգծվածությամբ հենց տոն օրերի ժամանակ խախտում է զինադադարի ռեժիմը։ Որևէ արմատական փոփոխություն չկա, պարզապես նման աննորմալ, անմարդկային քաղաքականություն են վարում՝ յյուրովին են փորձում «շնորհավորել» մեզ՝ այդ սուրբ տոնի կապակցությամբ»:

Սահմանները վերահսկվում են, և մեր բանակը, ինչպես միշտ, ռազմավարական նախաձեռնողականությունն իր ձեռքն է պահում՝ շեշտեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը։

Ինչ վերաբերում է ապրիլի 16-ից լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնելու Ադրբեջանի քայլին: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նախ շեշտեց, որ Արդրբեջանն այդ զորավարժություններն, ըստ էության, անցկացնում է Վիեննայի փաստաթղթի հետ կապված որոշակի պայմանների խախտմամբ:

«9 հազար զինծառայող եւ ավելի ներգրավվածություն ունեցող զորավարժությունները կանխավ, Վիեննայի փաստաթղթի 41.1-ի համաձայն, պետք է վաղուց իրազեկվեին ԵԱՀԿ-ին, բայց չեն իրազեկվել»:

Փասթաթղթով սահմանված դրույթի խախտման մասին հայկական կողմն արդեն տեղեկացրել է ԵԱՀԿ-ին եւ սպասում է պատշաճ արձագանքի՝ տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով.

«Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ զորավարժության անցկացմանը, ապա մենք ամեն միջոցներով, մեր բոլոր հնարավորություններով հետեւում ենք հակառակորդի ամեն մի քայլին եւ, հետեւաբար, լուրջ մտահոգության առիթ չենք տեսնում»:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի գնահատմամբ՝ հատկապես հենց ապրիլին զորավարժություններ անցկացնելը հակառակորդի համար նաեւ որոշակի խորհուրդ ունի: 2016-ի ապրիլը նրանց համար կատարյալ ձախողում էր եւ հիմա փորձում են ինչ-որ զորավարժություններով ոտնահարված արժանապատվությունն ինչ-որ ձեւով բարձրացնել: ԼՂՀ-ում նույնպես լուրջ մտահոգության առիթ չեն տեսնում:

«Մենք, իհարկե, ուշի-ուշով հետեւում ենք այդ ամենին: Համապատասխան քայլեր էլ ձեռնարկվում են՝ խաղաղությունն ու կայունությունը պահպանվելու է այսուհետ եւս, որովհետեւ մեր բանակն ի վիճակի է ցանկացած պահի պաշտպանել այդ խաղաղությունն ու կայունությունը»:

Ադրբեջանը, ըստ էության, չի հրաժարվում իր ահաբեկչական քաղաքականությունից: Դավիթ Բաբայանը վստահ է, որ նման պայմաններում երբ այդ երկիրն անցկացնում է զորավարժություններ՝ համանախագահող երկրներն էլ տարբեր խողողակներով իրենց կարծիքները հայտնում են՝ եւս մեկ անգամ հստակորեն ընդգծելով, որ ԼՂ հակամարտության կարգավորման որեւէ ռազմական ճանապարհ չկա: Հետեւաբար, ըստ ԼՂՀ նախագահի խոսնակի, այդ զորավարժություններով Ադրբեջանը ներքին հոգեբանական խնդիր է լուծում: Վերջին հաշվով էլ, խնդիրներ ունեցող ցանկացած երկիր զորավարժություններ անցկացնում է եւ դրանում որեւէ տարօրինակ զարգացումներ դիտարկել պետք չէ՝ եզրափակեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս