«Դա նույնն է, որ ձեզնից կախվածության մեջ գտնվող մարդուն դուք առաջարկեիք նարկոբիզնեսով կամ մարդկանց թրաֆիկինգով զբաղվել». Իրավապաշտպանը՝ «ՍԱՍ Գրուպի» ժողովի ձայնագրության մասին

Ինչպես հայտնի է, երեկ հրապարակվել է «ՍԱՍ Գրուպի» ժողովի ձայնագրությունը, որտեղից պարզ էր դառնում, որ ընկերության աշխատակիցներին հրահանգավորում էին ձայներ ապահովել Արտակ Սարգսյանի համար՝ սպառնալով չբերելու դեպքում՝ հեռացնել աշխատանքից: Այս թեմայի շուրջ 168.am-ը զրուցեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ:

– Պարոն Հարությունյան, որպես իրավապաշտպան՝ Դուք այդ ձայնագրությունում ինչ-որ հանցագործության տարրեր տեսա՞ք, ի՞նչ գնահատական կարող եք տալ:

– Ես երեկ Դանիել Իոաննիսյանին դատի տալու հետ կապված հայտարարություն էի տարածել: Հայտարարության մեջ հստակ ասված է, որ դա տարածված երևույթ է, այնպես չէ, որ միայն դպրոցի տնօրեններն են դրանով զբաղվել: Այդպես եղել է միշտ, ոչ միայն այս ընտրությունների ընթացքում: Մշտապես հայաստանյան իշխանությունները դիմել են այդ քայլին իրենց վերարտադրումն ավելի հեշտացնելու և ապահովելու համար: Ամեն տեղ էլ նրանք աշխատակիցներին պարտադրել են քվեարկել գործող իշխանության օգտին: Դա ինձ բոլորովին չի զարմացնում, և այստեղ իրավապաշտպանը չէ, որ պետք է խոսի, այլ իրավապահ մարմինները, եթե իրոք նրանք իրավապահ մարմիններ են, եթե իրենց կոչումին հավատարիմ են, ապա պետք է հետամուտ լինեն և քրեական գործեր հարուցեն:

– ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը դիմել էր Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հիմա նաև այս ձայնագրություններն են կցել այդ գործընթացին: Ձեր կարծիքով՝ որևէ ընթացք կստանա՞ դա, քրեական գործեր կհարուցվե՞ն՝ հաշվի առնելով նախորդ նախադեպերը:

Կարդացեք նաև

– Հաշվի առնելով հայաստանյան փորձը, իհարկե, կընդունվի կամ կհայտարարվի, որ Հայաստանում ընտրությունները կայացել են, և եղած խախտումները որևէ էական ազդեցություն ընտրությունների արդյունքի վրա չէին կարող ունենալ, դա է լինելու, որովհետև սա Հայաստանն է, և վերջ: Ակնկալել, որ որևէ դատական ատյանում արդար վճիռ կլինի, իշխանության կամ իշխանավորի կամքը քննության կառնվի, կամ նրանց կամքին հակառակ վճիռ կկայացվի, պետք է միամիտ լինել անգամ նման ցանկությունների համար:

– Այսինքն՝ որևէ նշանակություն չի՞ ունենա այդ ձայնագրությունների հրապարակումը:

– Ձայնագրությունների հրապարակումները նշանակություն կունենան ոչ թե դատարանի համար, այլ մեր հանրության և աշխարհի համար, որը հետևում և տեսնում է մեզ, իսկ դատարանի համար, այն էլ՝ Սահմանադրական դատարանի համար, իհարկե, դրանք  կարող են ընդամենը թեթև խոչընդոտ հանդիսանալ, բայց միևնույն է, նրանք հայտարարելու են այն վերդիկտը, որն իրենց կթելադրվի:

– «ՍԱՍ Գրուպի» ժողովի ձայնագրության հետ կապված կարո՞ղ եք նշել, թե կոնկրետ որտե՞ղ եք տեսնում խախտումները:

– Իրենցից կախվածության մեջ գտնվող մարդկանց պարտադրում են քվեարկություն կատարել, էլ դրանից ավելի ի՞նչ եք ուզում: Այդ նույնն է, որ ձեզնից կախվածության մեջ գտնվող մարդուն դուք առաջարկեիք նարկոբիզնեսով կամ մարդկանց թրաֆիկինգով զբաղվել, որովհետև այդ մարդը կախված է ձեզնից, հիմա կա՞ այստեղ հանցագործություն, թե՞ չկա: Այսօր էլ մարդու ձայնն են գնում, քվեարկության արդյունքների վրա են ազդում, նույն կարգի հանցագործություն է:

Տեսանյութեր

Լրահոս