
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահի հետ

Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ, ով ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների համաձայնությամբ Բիշկեկում կմասնակցի խորհրդի նիստին, որի օրակարգի հարցերի թվում նախատեսված է քննարկել Մոլդովայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միության դիտորդ-պետության կարգավիճակ տրամադրելու հարցը:
Նախագահներ Իգոր Դոդոնը և Սերժ Սարգսյանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով հայ-մոլդովական համագործակցության օրակարգը` երկուստեք կարևորելով Հայաստանի ու Մոլդովայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը, առևտրատնտեսական և հումանիտար բնագավառներում համագործակցության զարգացումը, որը, նախագահների համոզմամբ, բխում է երկու երկրների և բարեկամ ժողովուրդների շահերից:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ընդլայնել իրավապայմանագրային դաշտը` մինչ այժմ երկու երկրների միջև ստորագրված շուրջ երկու տասնյակ համաձայնագրերին ու պայմանագրերին ավելացնելով նորերը: Այդ համատեքստում կարևորվել է միջխորհրդարանական կապերի և շփումների ակտիվացումը, առևտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը: