Dasaran կրթական ծրագրի կողմից մրցանակներ շնորհվեցին հանրապետության մի շարք դպրոցների տնօրենների
«Նոր սերնդի դպրոց 2015-2016» վարկանիշավորման մրցույթի մրցանակաբաշխության հաղթողներն արդեն հայտնի են։ Մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության արարողության ժամանակ ընդհանուր առմամբ 71 դպրոցների տնօրեններ պարգևատրվեցին տարբեր մրցանակներով։
Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Նոր սերնդի դպրոց» ծրագիրն իրականացվում է արդեն 6 տարի։
«Մեր նպատակն է Հայաստանի դպրոցներում խթանել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը հատկապես ուսուցչական շրջանում։ Հաշվի առնելով, որ մեր հանրապետության ուսուցիչների 43 %-ը 51 տարեկան և ավելի են, շատ դժվար է նրանց աստիճանաբար բերել այն գաղափարին, որ համակարգիչն այսօր աշխատանքային անփոխարինելի գործիք է»,- նշեց Ալոյանը։
Մրցանակները հանձնեց Dasaran կրթական ծրագրի գործադիր տնօրեն Արթուր Բաբայանը։ Հաղթողների մի մասին շնորհվեցին պատվոգրեր և խրախուսական մրցանակներ, մյուս մասին՝ պատվոգրեր և համակարգիչներ։
Ծրագիրը իրականացվել է Հայաստանի ու Արցախի հանրապետությունների կրթության և գիտության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի և Dasaran կրթական ծրագրի հետ համատեղ։