Գնդեվազում Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության աջակցությամբ բացվեց առաջին խմորեղենի արտադրամասը
Գնդեվազ համայնքն արդեն խմորեղենի արտադրամաս ունի: Օրերս տեղի ունեցավ գնդեվազցի Աննա Խաչատրյանի «Գարանդա» խմորեղենի արտադրամասի բացման արարողությունը, որը հիմնվել է Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության աջակցությամբ:
«Ես իմացա՝ նման ծրագիր կա, որոշեցի մասնակցել, քանի որ շատ եմ սիրում խմորեղեն պատրաստել: Շատ շնորհակալ եմ «Լիդիան Արմենիա» ընկերությանը, որ օգնեց ունենալ այսպիսի արտադրամաս»,- ասաց Ա. Խաչատրյանը՝ նշելով, որ արդեն երեք ամիս է՝ ինչ համագործակցում է ընկերության հետ և արդեն պատվերներ է ընդունում Գնդեվազից, Ջերմուկից, Սարավանից և հարակից այլ համայնքներից: Ամսական մոտավորապես 150 տուփ խմորեղեն է վաճառում, շահույթից գոհ է: Նա նշեց, որ դեռևս այլ աշխատողներ չունեն, ինքն ու ամուսինն են զբաղվում իրենց բիզնեսով:
Խմորեղենի արտադրամասի բացման արարողությանը ներկա էր նաև «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, որը կանաչ ճանապարհ մաղթեց նորաստեղծ արտադրամասի տնօրենին և նրա հարազատներին: «Հենց այս փոքր ձեռնարկություններն են տնտեսապես զարգացնելու և՛ համայնքը, և՛ տարածաշրջանը: Վստահ եղեք, որ սա բարեգործություն չէ, մենք բարեգործություն չենք անում. սա համագործակցություն է ձեռնարկության և ընկերության միջև: Ընկերությունը՝ որպես հիմնական սպառող, օգտվելու է այս ձեռնարկություններից, և հետագայում այս փոքր ձեռնարկությունները՝ անպայման խոշորանալով, զարգանալով, մատակարարելու են մեզ և մեր ընկերությանը»,- նշեց Հ. Ալոյանը:
«Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով սոցիալական մենեջեր Նառա Ղազարյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Գարանդա» խմորեղենի արտադրամասի բացումն իրենց «Փոքր բիզնեսի զարգացման» ծրագրի ընդամենը մի էպիզոդն է: Նա ասաց, որ այս ծրագրի շրջանակում իրենք կյանքի են կոչել Գնդեվազում՝ 14, իսկ Գորայքում՝ 10 փոքր բիզնեսի աջակցության ծրագրեր:
«Ծրագրի հիմնական նպատակը միտված է եղել օգնելու այն հողատերերին, որոնցից կազմակերպությունն անցած 2 տարիների ընթացքում հող է ձեռք բերել: Այս ծրագրի նպատակն այն է, որ այս ֆերմերներին, հողատերերին տրամադրենք ալտերնատիվ կամ լրացուցիչ եկամուտ ստեղծելու աղբյուր՝ դա կլինի մեղրի արտադրություն, փուռ, պանրի արտադրություն, անասնապահության զարգացում, այսինքն՝ այն, ինչ համարվում է տրադիցիոն կենսակերպ և եկամտի աղբյուր: Կոնկրետ այս ընտանիքը դիմել էր հացաբուլկեղենի արտադրամաս ստեղծելու համար, որի համար մենք աջակցել ենք նրանց: Այս ընտրությունը եղել է շատ թափանցիկ, բաց մրցութային կարգով, շատ մարդիկ էին դիմել: Կոնկրետ այս համայնքում թիրախը կանայք էին, այսինքն՝ աջակցելու ենք միայն կանանց կողմից իրականացվող բիզնեսներին: Նախ՝ տրամադրվել է տեխնիկական աջակցություն՝ դասընթացներ: Ամեն շաբաթ մենք տարբեր բիզնես մոդելների դասընթացներ ենք անցկացրել, որը մեզ համար շատ կարևոր է, այնուհետև մասնակիցներից ամեն մեկը զարգացրել է իր բիզնես պլանը, որից հետո կատարվել է ընտրություն»,- նշեց Ն. Ղազարյանը:
Նա ասաց, որ իրենք իրենց ընտրությունը կատարելիս ուշադրություն են դարձրել՝ ծրագիրն ինչքանով է կայուն, եկամտաբեր, ինչքան ժամանակում այդ եկամուտը կստեղծվի, ինչքան է շահառուների ներդրման չափը: Նա ասաց, որ ծրագիրը դեռ ընթացքի մեջ է, մի քիչ վաղ է ասել, թե յուրաքանչյուրն այս ծրագրից ինչքան եկամուտ է ստեղծել: Ն. Ղազարյանի խոսքով՝ ծրագրի վերջում՝ մայիս-հունիս ամիսներին, իրենք արդեն բավականաչափ տվյալներ կունենան:
«Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով սոցիալական մենեջերը նաև նշեց, որ կոնկրետ Գնդեվազում ընկերությունը ներդրել է 900 հազար դրամ՝ յուրաքանչյուր բիզնեսի համար, որի դիմաց խնդրել են, որ ամեն շահառուից 15-20 տոկոսի ներդրում լինի. «Մենք տարբեր ծրագրերով ուզում ենք՝ այդ ուղերձը հստակ լինի, որ հանքարդյունաբերությունը համատեղելի է գյուղատնտեսության հետ, համատեղելի է անասնապահության հետ: Այս մի քանի ամիսը ցույց տվեց, որ բավականին խանդավառություն կա այս ծրագրի շուրջ, և ուզում ենք ընդլայնել այս բիզնեսները երկու բնագավառում, մեկը՝ շարունակենք մեր՝ տրադիցիոն կենսակերպին ուղղված բիզնեսները, նաև խթանենք փոքր և միջին բիզնեսները, որոնք կառնչվեն հանքին, ենթադրենք՝ հանքին կտրամադրեն որոշակի ծառայություններ, որոշակի ապրանք, որոնք էլ կխթանեն այս տարածաշրջանի տնտեսական զարգացումը»:
Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիան» երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզում՝ Ամուլսարի տարածքում՝ 2006 թվականից սկսած: ՀՀ կառավարության կողմից տրվել է Ամուլսարի ծրագրի Ընդերքօգտագործման իրավունքը և Ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլտվությունը: 2016 թվականին ապահովելով անհրաժեշտ ֆինանսավորումը՝ այժմ Ամուլսարի ծրագրի շինարարությունն ընթացքում է: Այս պահին Ամուլսարի հանքավայրում ընթանում են հանքի շինարարության աշխատանքները, որը տևելու է մինչև 2018 թվականի գարուն: