
Շերը հորդորել է Միացյալ Թագավորությանն ու ԱՄՆ-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը (Շերլին Սարգիսյան) կոչ է արել Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների կառավարություններին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է Belfast Telegraph-ը, այս մասին 70-ամյա երգչուհին խոսել է Press Association-ին տված հարցազրույցում:
Նա դատապարտել է Բրիտանիայի կողմից «ցեղասպանություն» եզրույթից խուսափելու քաղաքականությունը: Շերը համոզմունք է հայտնել, որ Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների կառավարությունները չեն ճանաչում կատարվածը, քանի որ Հայաստանը «նրանց տալու ոչինչ չունի»:
«Մենք փոքր ենք: Հայաստանը ցամաքով է շրջափակված: Մենք չունենք նավթ: Մենք նրանց տալու ոչինչ չունենք: Հայերը փոքր ժողովուրդ են, մենք ոչինչ չունենք, ինչով նրանք հետաքրքրված կլինեն»,-նշել է երգչուհին:
Պատասխանելով հարցին, թե արդյոք հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կճանաչի Հայոց ցեղասպանությունը` Շերը պատասխանել է. «Ոչ»:
Նախօրեին երգչուհին Լոս Անջելեսում մասնակցել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությանը: