Փիփա Միդլթոնի հարսանիքը. արքայազն Ջորջը և արքայադուստր Շառլոտան պաժի եւ հարսնացուի ընկերուհու դերում
Պատանի արքայազն Ջորջը կկատարի հարսանեկան պաժի, իսկ նրա քույրը՝ արքայադուստր Շառլոտան, հարսնացուի ընկերուհու դերը իրենց մորաքրոջ՝ Փիփա Միդլթոնի, Քեմբրիջի դքսուհու հարազատ քրոջ հարսանիքին:
Այս մասին հայտնել են Քեմբրիջի դքսի եւ դքսուհու պաշտոնական նստավայրում՝ Քենսինգթոնի պալատում, տեղեկացնում է BBC-ին: 33-ամյա Փիփա Միդլթոնի եւ 41-ամյա ֆինանսիստ, Իթոնի շրջանավարտ Ջեյմս Մեթյուզի հարսանիքը կկայանա մայիսի 20-ի առավոտյան Բերքշիրի կոմսության Սուրբ Մարկոսի եկեղեցում՝ ավագ Միդլթոնների կալվածքից ոչ հեռու:
Պաշտոնական դերերում նշանակված Ջորջի եւ Շառլոտայի ծնողները նույնպես ներկա կլինեն հարսանիքին:
«Արարողությանը ներկա կլինեն ընտանիքի մերձավոր անդամները եւ բարեկամները, ներառյալ Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին եւ արքայազն Հարրին: Արքայազն Ջորջը կլինի պաժ, իսկ արքայադուստր Շառլոտան հարսնացուի ընկերուհին»,-ասված է պալատի հայտարարության մեջ: