Իսպանիայում ձերբակալված ռուս հաքերը կառավարում է Kelihos բոտնետը
Իսպանիայում ձերբակալված ռուսաստանցի Պյոտր Լեւաշովը կառավարում է Kelihos բոտնետը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը (ԱՆ): Գերատեսչության տվյալներով՝ Kelihos ցանցը բաղկացած է տասնյակ հազարավոր վարակված համակարգիչներից եւ օգտագործվում է վնասաբեր ծրագրային ապահովման
տեղակայման, սպամի առաքման եւ նշանաբառերի գողության համար:
Spamhaus միջազգային ոչ առեւտրային կազմակերպության կազմած խոշորագույն սպամերների վարկանիշի առաջին տասնյակում հիշատակվում է ոմն Peter Levashov, որը նաեւ հայտնի է որպես Peter Severa: Spamhaus-ը նրան համարում է աշխարհում «սպամի» ամենահին թագավորներից մեկը: Միացյալ Նահանգների իշխանությունները Լեւաշովի կալանագիր են արձակել, որպեսզի ԱՄՆ-ում չեզոքացնեն Kelihos ցանցը, նշել են արդարադատության նախարարությունում:
Ռուսաստանցի ծրագրավորող Պյոտր Լեւաշովը Բարսելոնում ձերբակալվել է ապրիլի 7-ին: Ինչպես հայտնել է նրա կինը, Լեւաշովին կասկածում են ԱՄՆ-ում կայացած
նախագահական ընտրությունների ժամանակ հաքերական գրոհներին մասնակցելու մեջ: Այժմ, ինչպես նշում է BBC-ն, Լեւաշովը դատական նիստի է սպասում Իսպանիայից ԱՄՆ արտահանձնման հարցով: