Ադրբեջանցիների կողմից Մարաղայում պատանդ վերցված 14 հայերի ճակատագիրը մինչ օրս անհայտ է մնում
Ադրբեջանական զինված ուժերը 1992 թվականի ապրիլի 10-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրել են հայերի կոտորած: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մարաղա գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, համայնքի ղեկավար Ռոմա Կարապետյանն ասել է, որ 1992 թվականի ապրիլի 9-ին գյուղը հրետակոծվել է, ու իրենք հասկացել են՝ թշնամին հարձակվելու է: «Հաջորդ օրը՝ ապրիլի 10-ին, ազերի հրոսակները հարձակվել են Մարաղայի վրա: Այդ օրը 3 անգամ գյուղի ինքնապաշտպանական ջոկատները անհավասար մարտեր են մղել՝ հետ շպրտելով թշնամուն: Հարձակման արդյունքում այրվել է գյուղի 173 բնակարան, սպանվել՝ 50 հոգի, 38 հոգի էլ պատանդ է վերցվել. նրանցից 24-ը փոխանակվել է, իսկ 14-ի ճակատագիրը մինչ օրս էլ անհայտ է մնում: Հայկական ուժերի ջանքերով մենք կարողացել ենք նույն օրը՝ գիշերվա ժամը 121-ը, վերջնականապես ազատագրել Մարաղան»,- պատմել է Ռ. Կարապետյանը:
Մարաղայի կոտորածի 25-րդ տարելիցի կապակցությամբ Նոր Մարաղայի Վագիֆ Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների ուժերով կազմակերպել է միջոցառում:
Դպրոցականները հանդես են եկել զինվորական հագուստներով՝ ձեռքներին պահած գյուղի պաշտպանության համար նահատակված հերոսների նկարներ և թուրք հրոսակների վանդալիզմը դատապարտող պաստառներ. միջոցառման մասնակիցների ձեռքերին ծածանվում էր հայոց եռագույն դրոշը:
Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել 25 տարի առաջ Մարաղայի համար զոհված հերոսների հիշատակին կանգնեցված հուշաքարին:
Դպրոցականները արտասանել են մարտական ու ոգեկոչող բանաստեղծություններ, իսկ ՀՀ վաստակավոր արտիստ, Մարտակերտի պատվավոր քաղաքացի Շուշան Պետրոսյանն էլ հանդես է եկել հայրենասիրական երգերով:
Միջոցառմանը ներկա էին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ռադիկ Առուշանյանը, Մարաղայի բնակիչներ, հյուրեր և այլք: