««Ծառուկյան» դաշինքի էլեկտորատը վերցնելու շանսեր Տարոն Մարգարյանն ավելի ունի, քան մյուսները». Քաղաքագետ

168.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Մարգարյանը

– Մայիս ամսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը և «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Ինչպե՞ս եք գնահատում, որ հենց այս երեք ուժերն են մասնակցելու ավագանու ընտրություններին, և ինչպե՞ս եք գնահատում նրանցից յուրաքանչյուրի շանսերը:  

– Կարծում եմ՝ այստեղ այնքան ՀՀԿ-ն չի մասնակցում քաղաքապետի ընտրություններին, ինչքան Տարոն Մարգարյանը, որովհետև այլ պատկեր և արդյունք կունենայինք, եթե ՀՀԿ-ն ընտրությունների գնար՝ առաջին համարում ուրիշ մարդ ունենալով, բայց Տարոն Մարգարյանի դեպքում մի քանի հանգամանքներ կան, որոնք ենթադրել են տալիս, որ այս անգամ նույնպես ինքն ընտրություններում կհաղթի ու կդառնա քաղաքապետ: Այդ հանգամանքներից մեկը Երևանի բնակիչների մոտ ունեցած՝ իր քիչ թե շատ նորմալ քաղաքական վարկանիշն է, և այդ վարկանիշը նաև բավականին շատ է՝ համեմատած ՀՀԿ-ի այլ գործիչների հետ:

Վստահ եմ, որ միջկառավարման տրամաբանության մեջ Տարոն Մարգարյանը բավական կոմպրոմիսային քաղաքական գործիչ է, չնայած նրան, որ հրապարակային իմաստով՝ որպես լավ խոսող քաղաքական գործիչ այնքան էլ չի փայլում, բայց, ամեն դեպքում, ինքն ընտրել է մի կառավարման ռազմավարություն, որն իրեն հնարավորություն է տալիս Երևան քաղաքում բազմաթիվ դաշնակիցներ ունենալ: Խոսքն ուժ ունեցող սուբյեկտների մասին է: Ավելի մանրամասնեմ՝ եթե մենք նայենք Երևանի վարչական շրջանները, նրանց թաղապետերին, այդ մարդիկ այն մարդիկ են, որ այդ թաղամասում ուժ ունեն:

Դրանով կոնկրետ այդ տարածքում ուժ ներկայացնող սուբյեկտի հետ կոմպրոմիսի գնալով՝ Տարոն Մարգարյանը ձեռք է բերում դաշնակիցներ: Այս քաղաքականությունն ինքը մի քանի անգամ կիրառել է: Բնականաբար, որոշակի փոփոխություններ լինում են քաղաքական կուրսում, բայց ընդհանուր տրամաբանությունը նրա սա է եղել, ինձ թվում է՝ նաև հետագայում այդ տրամաբանությունը կմնա: Ինչ վերաբերում է մյուս ուժերին, կարծում եմ՝ «Երկիր ծիրանիի» շանսերը քիչ են, մանավանդ՝ «Ելքի» ֆոնին:

«Ելքը»՝ պառլամենտական միակ ընդդիմադիր ուժ լինելու ալիքի վրա, փորձում է ձեռք բերված հաջողությունը կրկնապատկել, բայց մի բան են համապետական նշանակություն ունեցող ընտրությունները, լրիվ այլ բան՝ քաղաքային ընտրությունները: Կարծում եմ՝ եթե նույնիսկ ինչ-որ տոկոսային հարաբերակցությամբ «Ելքն» ավելի շատ հավաքի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, քան պառլամենտական ընտրությունների ժամանակ է արել, ամեն դեպքում, նրանց չի հաջողվելու այն քաղաքական ֆոնը ստեղծել, ինչը նրանք ստեղծեցին պառլամենտական ընտրությունների ժամանակ:

– Ինչո՞ւ չի հաջողվելու:

– Որովհետև Տարոն Մարգարյանը, իմ նշած հանգամանքների շնորհիվ, ավելի շատ շանսեր ունի, քան որևէ այլ ուժ: Մենք տեսանք, թե ինչպես 2013-ին բավական ուժեղ ԲՀԿ-ն Վարդան Օսկանյանին առաջադրեց, բայց նորից պարտվեցին, ԲՀԿ-ն ավելի շատ ռեսուրսներ ուներ, քաղաքական թիմն ավելի կազմակերպված էր, բայց էլի պարտվեցին: «Ելքի» դեպքում, կարծում եմ, իհարկե, իրենք չեն խոստովանի, բայց ակնհայտ է, որ հաղթելու ռեալ հնարավորություններ չկան, և դա նրանք գիտեն, պարզապես հիմա փորձելու են այդ ձեռք բերված հաջողությունը կրկնապատկել: Կարծում եմ՝ «Ելքի» ներսում էլ կան ինչ-որ խնդիրներ, քանի որ «Ելքը» բավական տարասեռ կառույց էր՝ բաղկացած երեք տարբեր ուժերից, Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ առավելություն ցուցադրեց նախընտրական քարոզարշավի ընթացքում, հիմա կփորձի նաև գործով ապացուցել՝ իր վրա վերցնելով «Ելքի» ամբողջ քաղաքական ներկայացուցչական դերը և դա առաջ տանելով:

– Ըստ Ձեզ՝ մյուս քաղաքական ուժերի չմասնակցությունն ավագանու ընտրություններին ավելի օգուտ կբերի ՀՀԿ-ի՞ն, թե՞ ընդդիմադիր ուժերին:

– Այս դեպքում, եթե, օրինակ, խոսում ենք «Ծառուկյան» դաշինքի մասին, նրա չմասնակցելուց առավելապես կարող է օգտվել հենց Տարոն Մարգարյանը: ՀՀԿ-ի այլ ներկայացուցչի դեպքում մի քիչ դժվար կլիներ այդ էլեկտորատը վերցնել, բայց Տարոն Մարգարյանն ուղղակի կամ անուղղակի կերպով կարողանում է այնպես անել, որ իր վարկանիշը շատ չասոցիացվի ՀՀԿ-ի վարկանիշի հետ, իրեն ընկալեն՝ որպես ոչ այնքան կուսակցական գործիչ, որքան Ավանի նախկին «լավ» թաղապետ, Երևանի քաղաքապետ, Անդրանիկ Մարգարյանի որդի, և այլն: Այդ առումով՝ կարծում եմ՝ «Ծառուկյան» դաշինքի էլեկտորատը վերցնելու շանսեր Տարոն Մարգարյանն ավելի ունի, քան մյուսները: Մյուսների էլեկտորատները երևի բաժին կընկնեն «Ելքին» կամ «Երկիր Ծիրանիին»:

– Դուք նշում եք, որ Տարոն Մարգարյանի բարձր վարկանիշը դրական կազդի նրա հաջողությունների վրա, մյուս կողմից էլ՝ այս տարիների ընթացքում ինչ բացասական երևույթներ եղել են Երևանում, կապվել են հենց Տարոն Մարգարյանի անձի հետ: Դա ընտրություններում ազդեցություն չի՞ ունենա:

– Բնականաբար կունենա, եթե ինքն իր քաղաքական մարտավարությունը կառուցում է միայն նրա վրա, որպեսզի ինքն առանձին ընկալվի ՀՀԿ-ից, հակառակ կողմն էլ կարող է լինել, բոլոր քննադատություններն էլ բաժին են հասնում հենց իրեն, ու հենց այս պատճառով «Ելքը» նույնպես իր էլեկտորատը ձեռք կբերի: Կա մի ահագին հատված, որ կոնկրետ առիթներով դժգոհ են Երևանի քաղաքապետարանից կամ քաղաքապետից, բայց չեմ կարծում, որ այդ մարդիկ ավելի շատ են, քան այն մարդիկ, ովքեր կարող են կոնսոլիդանալ վարչական ռեսուրսի կամ Տարոն Մարգարյանի հանդեպ ունեցած  համակրանքի, կամ էլ այն կոմպրոմիսային համակարգի միջոցով, որի մասին արդեն խոսեցի:

– Ըստ Ձեզ՝ ո՞ր ուժերի միջև կընթանա հիմնական պայքարը:

– Կարծում եմ՝ հիմնականը կընթանա ՀՀԿ-ի և «Ելքի» միջև, բայց ուղղակի բանավեճի մենք ականատես չենք լինելու, որովհետև Տարոն Մարգարյանը հրապարակային իմաստով բավական խոցելի է, մանավանդ, որ դիմացն ունի Նիկոլ Փաշինյանի պես հակառակորդ: Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, կօգտագործի այս հանգամանքը, որը, ի տարբերություն ՀՀԿ-ի և Տարոն Մարգարյանի, չունի այն ռեսուրսները, որ կարողանա կոնսոլիդացնել էլեկտորատին, և պետք է շեշտը դնի հենց հռետորաբանության վրա, փորձի Տարոն Մարգարյանին բանավեճի հրավիրել, բանավեճի չգալու հանգամանքն անընդհատ օգտագործել, և այլն: Անուղղակի հիմնական բանավեճը կլինի այդ երկուսի միջև: Իսկ «Երկիր ծիրանին»՝ որպես նորաստեղծ քաղաքական ուժ, ուղղակի կփորձի իր ուժերը:

Տեսանյութեր

Լրահոս