Ձիով քայլ՝ ընտրություններից հետո

«168 Ժամի» նախորդ համարում գրել էինք ՀՀ պետական պարտքի մասին։ Գրել էինք, որ ՀՀ պետական պարտքը 2017 թվականի փետրվարի վերջի դրությամբ մոտենում է 6 մլրդ դոլարի սահմանագծին (կոնկրետ ցուցանիշը՝ 5 մլրդ 961.2 մլն ԱՄՆ դոլար)։ Նաև ավելացրել էինք, որ չնայած պարտքի ավելացմանը՝ այս տարվա առաջին 2 ամիսների ցուցանիշները կառավարությանը թույլ են տալիս հայտարարել, որ ամեն ինչ հսկողության տակ է, և պարտքի սպասարկման հետ կապված խնդիրներ չենք ունենա։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է հարկային եկամուտներին. այս տարվա հունվար-փետրվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հարկային եկամուտներն աճել են մոտ 15 մլրդ դրամով կամ 10%-ով։

Հոդվածը լույս տեսավ հինգշաբթի օրը, իսկ նույն օրը կառավարության հերթական նիստի ժամանակ խոսք գնաց ինչպես պետական պարտքի, այնպես էլ հարկային եկամուտների մասին։ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, անդրադառնալով տնտեսական զարգացումներին և կապիտալ ծախսերն ավելացնելու հնարավորությանը, ասաց.

«Քանի որ պարտքի ցուցանիշը միջնաժամկետում կայունացնելը մեզ համար առաջնահերթություն է, կարևոր է, որպեսզի կարողանանք արդյունավետ այդ նպատակին հասնել: Այստեղ ունենք նաև լավ լուր. դա մեր հարկահավաքման ցուցանիշն է առաջին եռամսյակում: Մենք 1 տրիլիոն 135 միլիարդ դրամի ադեկվատ ծրագիրը գերակատարել ենք, որը դրված էր եռամսյակային կատարման համար, այսինքն՝ գերակատարել ենք ծրագիրը 11,5 մլրդ ՀՀ դրամով:

Սա նշանակում է, որ եթե այդ վարքագիծը մենք կարողանանք պահպանել, իսկ կարծում ենք, որ, մեր ՊԵԿ-ի գործընկերները բավականին ագրեսիվ են, որպեսզի բարեփոխումներն իրականացվեն հարկայինն ու մաքսային վարչարարության ոլորտում, մեզ համար հասանելի կլինի շատ ավելի բարձր ցուցանիշ»:

Հարկերի աճի տեմպն առաջին ամիսներին իրոք հուսադրող է։ Այսպես, 2017 թվականի հունվար-փետրվարին ՀՀ հարկային եկամուտները կազմել են 160,5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 145,7 մլրդ դրամի դիմաց։ Ընդ որում, այդ աճը գրեթե հավասարաչափ բաշխվում է հունվարի և փետրվարի միջև (ամեն ամիս՝ մոտ 7 մլրդ դրամի աճ)։ Սա նշանակում է, որ դինամիկան կայուն է։ Մյուս կողմից, հարկային եկամուտների աճի մեծ մասը՝ 14.7 մլրդ դրամից 7.2 մլրդ-ը, բաժին է ընկնում ԱԱՀ-ին։

Սա, բնականաբար, կառավարության կողմից ներկայացվում է՝ որպես ստվերի կրճատման և մաքսազերծման գործընթացում կոռուպցիայի նվազման արդյունք։ Իսկ հիմա ավելի կարևոր պահը՝ ինչ է լինելու հարկային եկամուտների «ավելցուկի» հետ։ Ինչպես նշել է Վարդան Արամյանը, հարկային մուտքերի գերակատարման արդյունքում տարվա կտրվածքով ակնկալվող հարկային մուտքերը կարելի է ավելացնել 50 միլիարդ դրամով և միևնույն ժամանակ այդքան էլ կատարել կապիտալ ծախսեր։ Ըստ նրա՝ կապիտալ ծախսերի ավելացումը թույլ կտա 2018 թվականին թիրախավորել շատ ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշ:

Ինչպես հայտնի է, 2017 թվականի պետական բյուջեով նախատեսվում է 3,2% տնտեսական աճ, սակայն կառավարությունը չի բացառում, որ այն կարող է ավելի բարձր լինել։ «3,2 տոկոս տնտեսական աճը, մի քանի անգամ նշվել է, որ դա մեր թիմի ամբիցիան չէ, մեր թիմի ամբիցիան շատ ավելի բարձր տնտեսական աճն է»,- ասել է Վարդան Արամյանը։

Հունվար-փետրվար ամիսների հարկային տպավորիչ ցուցանիշները և տնտեսական ակտիվության աճի տեմպերը հայտնի էին դեռ մարտի կեսերին, այսինքն՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում։

Վարչապետն իր նախընտրական հանդիպումների ընթացքում այդ մասին խոսում էր, սակայն տարվա կտրվածքով հարկերը 50 մլրդ դրամով գերակատարելու, նույն չափով՝ կապիտալ ծախսերն ավելացնելու և ըստ այդմ՝ բյուջեում փոփոխություն անելու մասին իշխանությունը չէր խոսում։ Կառավարությունն (կամ ՀՀԿ-ն) ավելի զգուշավոր էր Ինչո՞ւ։ Վարդան Արամյանը կառավարության նիստում անուղղակիորեն տվեց այդ հարցի պատասխանը՝ ասելով.

«Մենք փոխվարչապետի մոտ մի քանի փուլով և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ, և մեր գործընկերների հետ քննարկումներ ենք ունեցել, որպեսզի նախապատվություն տանք արտաքին ֆինանսավորմամբ այն ծրագրերին, որոնք կապիտալ բնույթի են և կարող են ունենալ արագ տնտեսական էֆեկտ: Այդ վարժությունն ավարտված է. շուրջ 98-ի միլիոն դոլարի չափով մենք առանձնացրել ենք այն ծրագրերը, որոնք կարելի է այս տարի իրականացնել»:

Ասվածը կարելի է հասկանալ այսպես՝ քարոզարշավի ընթացքում դեռ հստակ որոշված չէր՝ ի՞նչ չափի գումար կարելի է լրացուցիչ ուղղել կապիտալ ծախսերին և ո՞ր ծրագրերի ուղղությամբ։ Այդ «վարժությունը», կարելի է ենթադրել, նոր է ավարտվել և նոր է հնարավոր դարձել դրա վերաբերյալ կոնկրետ թվեր հնչեցնել։

Սակայն այս ամենը կարող է նաև մեկ այլ բացատրություն ունենալ։

Տեսեք, բյուջեում փոփոխություն կատարելը՝ տարվա առաջին երկու ամիսների արդյունքներով, այդ փոփոխությամբ հարկային մուտքերն ու կապիտալ ծախսերը 50 մլրդ դրամով ավելացնելը մեսիջ է՝ ուղղված հասարակությանն ու բիզնեսին։ Մեսիջի իմաստը հետևյալն է՝ ամեն ինչ ավելի լավ է ընթանում, քան մենք նախատեսում էինք։ Մենք հույս չունեինք, որ տնտեսությունը կկարողանա այդքան հարկային եկամուտ ապահովել, սակայն տեսնում ենք, որ կարողանում է։ Սա նշանակում է, որ մեր քայլերը՝ արդյունավետության բարձրացման, ստվերի և կոռուպցիոն ռիսկերի ուղղությամբ, արդեն իսկ արդյունք են տալիս։

Իսկ ինչո՞ւ այդ մեսիջը չէր տրվում մինչև ընտրությունները։ Մի կողմից՝ երևի այն պատճառով, որ կառավարությունը չէր կարծում, թե հարկային մուտքերի գերակատարումը կարող է լրացուցիչ քվե բերել իշխող կուսակցությանը։ Այսինքն՝ սա այնքան էլ հզոր հաղթաթուղթ չէր և կարելի էր դեռ խնայել։

Մյուս կողմից՝ դրական մեսիջներն ավելի ճիշտ է «դոզավորված» բաց թողնել։ Հետընտրական շրջանը նախընտրականից պակաս կարևոր չէ, և կառավարությունը, բնականաբար, պիտի փորձի ապացուցել, որ ընտրություններից հետո իրենց անելիքը ոչ թե ավարտված է, այլ հակառակը՝ ավելի եռանդով են աշխատում և ավելի լավ արդյունքներ են գրանցում։ Ի վերջո, ընթացիկ տարում և միջնաժամկետ հեռանկարում տնտեսական ոլորտում հաջողություններ գրանցելու հարցում շատ կարևոր դեր են խաղում դրական սպասումները, որոնք պետք է միշտ թարմ պահել։

Կարճ ասած, կառավարությունը ցանկանում է ամեն գնով պահպանել վստահության մակարդակը՝ ֆիքսել այն որոշակի նիշի վրա և թույլ չտալ, որ իջնի։ Իսկ դրա համար ձեռքբերումները պետք է ներկայացնել առանց շտապելու, ճիշտ ժամանակին և մաս-մաս։

Տեսանյութեր

Լրահոս