Պարտք վերցնելու ռեսուրսը

ՀՀ պետական պարտքը 2017 թվականի փետրվարի վերջի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 901.3 մլրդ դրամ կամ 5 մլրդ 961.2 մլն ԱՄՆ դոլար։ Տարվա սկզբի համեմատ ՀՀ պետական պարտքն աճել է 25.7 մլրդ դրամով։ Այդ թվում՝ կառավարության արտաքին պարտքը դոլարային արտահայտությամբ գրեթե չի փոխվել և մնացել է 4.3 մլրդ դոլարի սահմաններում։

Սակայն փոխարժեքի տատանման պատճառով՝ դրամային արտահայտությամբ ավելացել է 12.2 մլրդ դրամով։ Իսկ ներքին պարտքն աճել է 12.2 մլրդ դրամով և կազմել 1 տրիլիոն 148.3 մլրդ դրամ։ Կարճ ասած, Հայաստանի Հանրապետության պետական պարտքը (ներառյալ՝ ԿԲ-ի պարտքը) ընդհուպ մոտեցել է 6 մլրդ դոլարի սահմանագծին։ Բացարձակ թվից բացի՝ պարտքի ծանրությունը գնահատելու համար օգտագործվում է հիմնականում պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը (պետական պարտքը նախորդ տարվա ՀՆԱ-ի քանի տոկոսն է կազմում)։

Փորձենք հաշվել այդ ցուցանիշը։ 2016 թվականի համախառն ներքին արդյունքը, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, կազմել է 5 տրիլիոն 67.9 մլրդ դրամ։ Պետական պարտքը փետրվարի վերջի դրությամբ, ինչպես նշեցինք, 2 տրիլիոն 901.3 մլրդ դրամ է։ Այսպիսով, պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը փետրվարի վերջի դրությամբ արդեն գերազանցում է

57%-ը։ Այսինքն՝ Հայաստանը մոտենում է պարտք/ՀՆԱ 60% սահմանագծին։ Սա, իհարկե, լուրջ պարտքային բեռ է, սակայն կառավարությունը հիմքեր ունի՝ պնդելու համար, որ վտանգավոր ոչինչ չկա։ Նախ, ՀՀ պետական պարտքի մասին օրենքով 60%-ի թույլատրելի շեմը վերաբերում է ոչ թե պետական պարտքին, այլ միայն կառավարության պետական պարտքին։ Պետական պարտքի մի մասը՝ 248.8 մլրդ դրամը կամ 511.2 մլն դոլարը, ՀՀ Կենտրոնական բանկի պարտքն է։ Կառավարության պարտքը կամ 2 տրլն 652.5 մլրդ դրամ է կամ 5 մլրդ 450 մլն դոլար։

Այսինքն, կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 52.3%։ Երկրորդ, բացի պարտք/ՀՆԱ հարաբերակցությունից՝ կան նաև պարտքային բեռի գնահատման այլ ցուցանիշներ (պարտք/արտահանում, պարտքի տոկոսավճար/արտահանում և այլն), և դրանց բոլորի գծով Հայաստանը դասվում է նվազ պարտքային բեռ ունեցող երկրների շարքին։

Եվ երրորդ հանգամանքը՝ ՀՀ տնտեսությունն այս տարվա առաջին 2 ամիսներին աճի նորմալ տեմպեր է ցույց տվել՝ 6.2%-ի չափով։ Իսկ հարկերի հավաքագրումը հունվար-փետրվար ամիսներին՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, աճել է 9-10%-ով։ Այսինքն, բյուջեն պարտքը սպասարկելու խնդիր կարծես թե չունի։ Սա նշանակում է, որ պետությունը դեռ պարտք վերցնելու ռեսուրս ունի։ Իսկ կվերցնի՞ արդյոք։ Այո:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն օրերս լրագրողների հետ զրույցում նշեց, որ կառավարությունը նոր պարտքեր կներգրավի, բայց ավելի զգուշավոր կլինի այդ հարցում: «Պարտքի կառավարումն ու պարտքի կայունությունը մեզ համար բարձրագույն պրիորիտետ է»,- ասել էր նա։ Իսկ որքան լրացուցիչ պարտք կարող է ներգրավել կառավարությունը։ Այս հարցին դժվար չէ պատասխանել, որովհետև, ինչպես նշեցինք, կա օրենքով նախատեսված առավելագույն շեմ՝ նախորդ տարվա ՀՆԱ-ի 60%-ը։

2016 թվականի ՀՆԱ-ի 60%-ը 3 տրիլիոն 40.7 մլրդ դրամ է։ Այսինքն՝ այս տարվա վերջին կառավարության պետական պարտքը չի կարող ավելի լինել 3.04 տրլն դրամից կամ 6 մլրդ 270 մլն դոլարից։

Այս պահին կառավարության պետական պարտքը, ինչպես նշեցինք, 2 տրլն 652.5 մլրդ դրամ է։ Այսինքն, կառավարությունը մինչև տարեվերջ կարող է ներգրավել 394,7 մլրդ դրամ մոտ 810 մլն դոլար։

Նշենք նաև, որ պետական պարտքի (մասնավորապես՝ արտաքին պարտքի) հարցում կարևոր դեր է խաղում նաև փոխարժեքը։ Եթե դրամն արժեզրկվում է, ապա մեր արտաքին պարտքը՝ դրամով արտահայտված, ծանրանում է։ Այսպես, մեր արտաքին պարտքը 4.3 մլրդ դոլար է։ Դրամի յուրաքանչյուր 1 կետով թուլանալը ՀՀ արտաքին պարտքի դրամային արժեքը ավելացնում է 4.3 մլրդ դրամով։ Կոնկրետ օրինակով նշենք. 4.3 մլրդ դոլարը ներկայիս փոխարժեքով 2 տրիլիոն 93.6 մլրդ դրամ է։

Ասենք, եթե 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը հասնի 500 դրամի, նույն 4.3 մլրդ դրամը կդառնա արդեն 2 տրիլիոն 150.8 մլրդ դրամ։ Սրա հետևանքով՝ կաճի պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը և նոր պարտքեր վերցնելու հնարավորությունները կկրճատվեն։ Մյուս կողմից, պետական պարտքի սպասարկումը կթանկանա՝ ավելի շատ դրամ անհրաժեշտ կլինի արտաքին պարտքի սպասարկմանն ուղղվող դոլար ու այլ արժույթ գնելու համար։ Հաշվի առնելով այս ամենը, կարելի է ենթադրել, որ կառավարությունն ու Կենտրոնական բանկը տեսանելի ապագայում թույլ չեն տա, որ դրամը զգալիորեն արժեզրկվի։ Այսինքն՝ այն խոսակցությունները, որ ընտրություններից հետո դրամը կտրուկ արժեզրկվելու է, դժվար թե իրականություն դառնան։

Տեսանյութեր

Լրահոս