Մեծահասակների հետ շփում. Դեռահասության ճգնաժամ

Անցած հոդվածում փորձեցինք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում դեռահասության ճգնաժամը, ինչպես է զարգանում և նորովի ձևավորվում դեռահասի անձ, խոսեցինք դեռահասի ու հասակակիցների հետ հարաբերությունների առանձնահատկությունների մասին: Շարունակելով՝ խոսենք դեռահասի և մեծահասակների փոխհարաբերությունների մասին:

Մեծահասակների հետ շփում

Դեռահասների հարաբերությունների ևս մեկ նշանակալից ոլորտ է մեծահասակների և, առաջին հերթին՝ ծնողների հետ շփումը։ Ծնողների ազդեցությունն արդեն սահմանափակ է, այն չի ընդգրկում երեխայի կյանքի բոլոր ոլորտները։ Հասակակիցների կարծիքը սովորաբար ավելի կարևոր է ընկերական հարաբերություններում, ժամանակակից երաժշտության, զվարճանքների հետ կապված հարցերում։ Բայց դեռահասի արժեքային կողմնորոշումները, նրա կողմից սոցիալական խնդիրների հասկացումը, իրադարձությունների և արարքների բարոյական գնահատումը կախված են, առաջին հերթին, ծնողների դիրքից։

Միևնույն ժամանակ՝ դեռահասին բնորոշ է մոտ մեծահասակներից էմանսիպացիայի ձգտումը։ Կարիք ունենալով ծնողական սիրո, հոգատարության՝ նրանք ինքնուրույնության, հավասար իրավունքների մեծ ցանկություն ունեն։ Այն, թե ինչպիսի հարաբերություններ կհաստատվեն երկու կողմերի միջև, կախված է գլխավորապես դաստիարակության ոճից, մեծահասակների պատրաստակամությունից՝ ընդունելու իրենց երեխայի չափահասությունը։

Կարդացեք նաև

Շփման հիմնական դժվարությունները, կոնֆլիկտները ծագում են դեռահասի վարքի, ուսման և ընկերների ընտրության նկատմամբ ծնողների հսկողության պատճառով։

Հսկողությունից զատ՝ ընտանեկան հարաբերություններում կարևոր են ծնողների սպասելիքները, հոգատարությունը, պահանջների հաջորդականությունը և, իհարկե, այդ հարաբերությունների հիմքում ընկած հուզական հիմքը՝ սերը, երեխայի ընդունումը կամ մերժումը։ Կարելի է առանձնացնել ընտանեկան դաստիարակության մի քանի տեսակներ, որոնք էապես ազդում են դեռահասի անձի զարգացման և ծնողների հետ հարաբերությունների վրա։

Դեռահասների սեռային նույնականացում

Սեռային նույնականությունն իրենից ներկայացնում է որոշակի սեռի ներկայացուցիչ լինելու փաստի գիտակցում և վարքի այն սոցիալական ստանդարտների յուրացում, որը համապատասխանում է տվյալ սեռին։ Սեռային նույնականացումը հանդիսանում է ինքնագիտակցության կարևոր օղակ, որը վերակառուցում է անձի արժեքային կողմնորոշումը և պայմանավորում է նրա զարգացումը։

Սեռային նույնականացման ձևավորմանը նպաստող մեխանիզմներն են՝

  • նույնականացում, որը հիմնված է երեխայի կողմից միևնույն սեռի ծնողի, մեծահասակների վարքի անգիտակցական կրկնօրինակմանը,
  • սոցիալական ուսուցում, որը հիմնված է տղաներին և աղջիկներին համապատասխան մասկուլինային և ֆեմինային վարքի դրական ամրապնդման վրա,
  • ինքնակատեգորիզացիա, որի ժամանակ երեխան սկզբում յուրացնում է սեռային նույնականության մասին պատկերացումները, ապա իրեն սահմանում է՝ որպես տղա կամ աղջիկ, որից հետո ձգտում է իր վարքը համապատասխանեցնել այդ պատկերացումներին։

Գիտակցության սեռային տարբերակումն ունի հետևյալ կողմերը՝

  • սեփական սեռի անդառնալիության գիտակցում,
  • սեռային տարբերությունների գիտակցման աստիճանի մեծացում,
  • կանացիության կամ առնականության մասին ստերեոտիպերի ձևավորում,
  • «սեռի կանոններին» ենթարկում և հետևում՝ ըստ ներքնայնացված դրդապատճառների։

Գենդերային դերերն իրենցից ներկայացնում են տվյալ մշակույթում գոյություն ունեցող համապատասխան սեռային վարքային մոդելներ, որոնք պայմանավորված են ավանդույթների, ստերեոտիպերի, էքսպեկտացիաների, նախապաշարմունքների համակարգով, որոնք անհատը պետք է յուրացնի և որոնցով պետք է առաջնորդվի իր վարքում։ Եթե մինչդեռահասային շրջանն առավելապես կապված է գենդերային դերերի յուրացման անգիտակցական և պասիվ մեխանիզմների հետ, ապա դեռահասության տարիքում ակտիվորեն ներառվում են միջավայրի գիտակցման կոգնիտիվ մեխանիզմները, ձևավորվում են սեփական դերի մասին պատկերացումները, ձևավորվում է անձի արժեքային-կողմնորոշային համակարգը։

Ընտանիքի դերը սեռադերային նույնականացման ձևավորման մեջ

Ընտանիքը մեծ ներդրում է ունենում երեխայի սեռադերային նույնականացման մեջ, որի ընթացքում դեռահասը յուրացնում է որոշակի սեռային դերեր և վարքի կանոններ։ Ծնողները վաղ մանկությունից սկսած կառուցում են երեխայի գենդերային դերերը տարբեր եղանակներով՝

  • սոցիալական մանիպուլյացիաներով,
  • վերբալ որոշումներով, որոնց կայացման ժամանակ ծնողներն ընդգծում են այն հատկությունները, որոնք համապատասխանում են գենդերային ստերեոտիպերին,
  • գործունեության համապատասխան տեսակը ցույց տալով։

Սեռային նույնականացման համար դեռահասն իդենտիֆիկացվում է ոչ միայն իր սեռի հետ, այլ նաև պետք է հասկանա և ընդունի հակառակ սեռին, ինչի համար նրան անհրաժեշտ է երկու մոդելների՝ հոր և մոր օրինակ, ինչպես նաև՝ նրանց միջև առկա հարաբերությունների կանոնների դիտարկում։

Ծնողների միջև ակնհայտ կամ թաքնված արհամարհանքը հանգեցնում է նրան, որ ծնողները չեն կարողանում երեխայի համար ապահովել տղամարդու և կնոջ հարաբերությունների ֆունկցիոնալ, բավարարված մոդել։ Տղա երեխաների սեռային ինքնագնահատականը կտուժի այն ժամանակ, եթե ամուսնական հարաբերություններում հայրն ունի վիրավորվածի և արհամարհվածի կարգավիճակ։ Եվ հակառակը, աղջիկներն ինքնագնահատականի պրոբլեմներ կունենան այն ժամանակ, եթե ամուսնական հարաբերություններում վերոնշյալ կարգավիճակում գտնվի մայրը։

Տեսանյութեր

Լրահոս