Բաժիններ՝

Հայկական PicsArt-ը Windows-ի օգտատերերի համար ներկայացրել է 3D ստիկերներ

PicsArt-ը գործարկել է 3D խմբագրման հնարավորությամբ ազատ օգտագործման ստիկերներ Windows հարթակի օգտատերերի համար:

PicsArt ֆոտոխմբագրման հավելվածն ու սոցիալական ցանցը, որն արդեն հատել է 400 միլիոն ներբեռնումների սահմանը և ունի ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր, այժմ Windows հարթակի օգտատերերին հնարավորություն է տալիս ազատ օգտագործման համար ստիկերներ ստեղծել ու կիսվել դրանցով աշխարհի հետ: Ավելին, PicsArt-ը գործարկել է նաև էքսկլյուզիվ 3D խմբագրման գործիքներ, որոնք հասանելի են միայն Windows հարթակի օգտատերերի համար։ Օգտատերերը կարող են պատկերից եռաչափ թվացող ստիկերներ պատրաստել ու օգտագործել դրանք ֆոտոխմբագրման մեջ՝ ստանալով ավելի մանրակրկիտ ու բնականին նման պատկերներ։

PicsArt-ի օգտատերերը ցանկացած պատկերից կարող են ստիկեր պատրաստել։ Ստեղծած ստիկերները կարելի է օգտագործել նկարներ խմբագրելու, ընկերների հետ PicsArt Remix Chat-ի, ինչպես նաև ցանկացած այլ սոցցանցի կամ ծառայության միջոցով շփվելու համար։ Ստիկեր պատրաստելիս կարելի է օգտվել PicsArt-ի 6 միլիոնից ավելի ազատ օգտագործման համար հասանելի free-to-edit (FTE) նկարներից։ Ստիկերները նաև հնարավոր է խմբագրել PicsArt հավելվածում առկա բազմաթիվ գործիքներով, օրինակ՝ «խելացի էֆեկտներով», նկարչական պարագաներով, տեքստի կամ այլ խմբագրման հնարավորությունների միջոցով։
Ի դեպ, ապրիլի 10-ից PicsArt-ը Windows հարթակի օգտատերերի համար մեկնարկում է հատուկ արշավ, որի շրջանակում PicsArt-ի վճարովի փաթեթների մի շարք տառատեսակների ու գարնանային ստիկերների փաթեթների գինը կնվազի 50 տոկոսով:

Ավելի վաղ հայկական ընկերությունը լուսանկարների մշակումից, կոլաժների պատրաստումից, նկարչությունից և համատեղ խմբագրումից բացի՝ նոր գործառույթ էր ներկայացրել, որի միջոցով PicsArt-ը զվարճանքի և ստեղծագործման հավելյալ հնարավորություններ է ընձեռում իր օգտատերերին։ PicsArt-ի թարմացված տարբերակը, որը հասանելի է iOS և Android հարթակներում, ստիկերներ պատրաստելու համար խմբագրման բազմազան հնարավորություններ է պարունակում։ Ավելին, ստիկեր պատրաստելիս օգտատերերը կարող են օգտվել PicsArt-ի վեց միլիոնից ավելի ազատ օգտագործման համար հասանելի free-to-edit (FTE) նկարներից։ Ի դեպ, PicsArt-ի այս ազատ օգտագործման համար հասանելի լուսանկարների հավաքածուն համարվում է աշխարհում օգտատերերի կողմից ստեղծված անվճար ամենածավալուն հավաքածուներից մեկը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս