
«Ես մնում եմ «Չելսիում»». Անտոնիո Կոնտե

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հերքել է այս ամռանը Իտալիա վերադառնալու մասին շշուկները:
«Ես չեմ սիրում, երբ մարդիկ խոսում են իմ փոխարեն: Պաստորելոն իմ ընկերն է, բայց եթե ցանկանում եք ինչ-որ բան իմանալ իմ մասին, ավելի լավ է՝ ինձ հարցրեք: Մենք պայքարում ենք տիտղոսի համար և ցանկանում ենք հասնել այդ նպատակին: Այնուհետև մենք կփորձենք ինչ-որ կարևոր բան անել հետագայում: Եվ դա նշանակում է, որ հաջորդ մրցաշրջանում նույնպես կլինեմ «Չելսիում»»,- ասել է Կոնտեն:
Ավելի վաղ իտալացի գործակալ Ֆեդերիկո Պաստորելոն հայտարարել էր, որ Կոնտեն կարող է հեռանալ Լոնդոնից, քանի որ մի շարք առաջարկություններ է ստացել: Կոնտեի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը, բայց ակումբն այն ցանկանում է այս տարի երկարաձգել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը