Հայկական ֆուտբոլային ակումբ՝ Ռուաստանում. ի՞նչ պետք է իմանանք ռուսական «Արարատի» մասին
Ռուսական Sports պարբերականն իր ընթերցողներին է պատմել Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Արարատ» ակումբի մասին:
«Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում շատ են հայկական սփյուռքի ներկայացուցիչները: Հայերը միշտ ջերմ հարաբերություններ են ունեցել ֆուտբոլի հետ: Հատկապես Երևանի «Արարատ» ակումբը, որն իր ժամանակին բարձր էր պահում հայկական ֆուտբոլի անունը: 1970-ական թվականներին այս ակումբը հաղթեց Խորհրդային Միության առաջնությունն ու գավաթը: Այս ակումբը Եվրոպայում հավասար էր Մյունխենի «Բավարիային»:
Հայաստանում խենթանում էին իրենց ակումբի համար, և «Հրազդան» մարզադաշտը դարձել էր տեղի Կոլիզեյը, որտեղ յուրաքանչյուր խաղին այցելում էին անթիվ երկրպագուներ: Սովետական Միության փլուզումից հետո երևանյան ակումբը երկար ժամանակ ճգնաժամ էր ապրում, ուներ ֆինանսական լուրջ խնդիրներ:
Նոր «Արարատը» հիմնադրել են Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի երիտասարդների ջանքերով: Այս ակումբն իր հանդիպումներն անցկացնելու է երրորդ դիվիզիոնում՝ «Մոսկվայի» գոտում: «Արարատի» տնային մարզադաշտը կդառնա «Սպարտակովեց» մարզադաշտը: Այս մարզադաշտը կարող է ընդունել 5100 ֆուտբոլասերի:
Ո՞վ կխաղա այս ակումբում
Ֆուտբոլիստների քանակով հայկական այս ակումբը չի տարբերվի երրորդ դիվիզիոնում խաղացող մյուս ակումբներից: Ակումբում կլինեն միայն Ռուսաստանի քաղաքացիներ: Կազմում կգտնեք մի քանի հայկական ազգանուններ, սակայն այս ֆուտբոլիստները Ռուսաստանի քաղաքացիներ են: Կազմում շատ են երիտասարդ ֆուտբոլիստները: Ռուաստանում ապրող մի շարք հայ ֆուտբոլիստներ դիտարկվում են՝ որպես կազմը համալրելու տարբերակ:
Կազմում առանձնանում են Արտակ Ալեքսանյանի, Դմիտրի Ռիժովի և Սերգեյ Ռիվյակինի անունները: Արտակ Ալեքսանյանը Մոսկվայի «Սպարտակի» սան է, մի քանի խաղեր է անցկացրել Հայաստանի երիտասարդական հավաքականում և որոշ շրջան հանդես է եկել Արմավիրի «Տորպեդոյում»: Սոցիալական ցանցերի իր էջերում հայկական ակումբը նշել է, որ բաց է երիտասարդ ֆուտբոլիստների համար, ովքեր կարող են թողնել իրենց ռեզյումեները:
Ի՞նչ տեսք կունենա մարզահագուստը
Նոր ակումբը կունենա լեգենդար «Արարատի» գույները: Ակումբը կխաղա դեղին-սև, կարմիր-կապույտ մարզահագուստներով: «Արարատի» խնդիրը հիմա երրորդ դիվիզիոնում կայուն խաղ ցուցադրելն ու երկրպագուների ուշադրությունը դեպի իրենց հրավիրելն է: Սա երիտասարդ և ամբիցիոզ ակումբ է, որը նպատակ ունի զարգացնել լեգենդար «Արարատի» բրենդը Մոսկվայում»:
Սիրարփի Աղաբաբյան