
Գերմանիայի իշխանությունները որոշել են սոցցանցերին տուգանել ֆեյքերի և ագրեսիայի համար

Գերմանիայի կառավարությունն ապրիլի 5-ին հավանություն է տվել սոցցանցերի նկատմամբ մինչեւ 53 մլն դոլար գումարի տուգանքների սահմանմանը, որոնք օգտատերերի բողոքներից հետո չեն հեռացնի ատելություն բորբոքող հաղորդագրությունները եւ ֆեյքային նորությունները, տեղեկացնում է BBC-ին:
«Ատելության հողի վրա կատարվող հանցագործությունները, որոնց դեմ անբավարար պայքար է մղվում, հսկայական վտանգ են ներկայացնում ազատ, բաց եւ ժողովրդավարական հասարակության խաղաղ միասնության համար»,«Ֆրանսպրես»-ը
մեջբերում է նախարարների կաբինետի հայտարարությունը:
Այն ժամանակից, երբ 2015 թվականին Գերմանիա ժամանեցին ավելի քան 1 մլն միգրանտներ, սոցիալական ցանցերում թշնամանք հրահրող հարձակումների թվաքանակը բազմակի աճել է:
Կառավարությունը մի քանի անգամ նախազգուշացրել է ինտերնետընկերություններին, որ նրանք բավարար արդյունավետությամբ չեն պայքարում նման կոնտենտի դեմ:
Բացի այդ, այս տարվա սեպտեմբերին Գերմանիայում ընտրություններ են անցկացվելու: Գերմանացի բազմաթիվ քաղաքական գործիչներ զգուշանում են, որ ընտրություններից առաջ սոցիալական ցանցերում կհայտնվեն բազմաթիվ ստահոդ տեղեկություններ:
Այն դեպքում, եթե օրինագիծն ստանա խորհրդարանի հավանությունը, բողոքն ստանալուց հետո սոցցանցերը միայն 24 ժամ կունենան այն գրառումները հեռացնելու համար, որոնք բացահայտորեն խախտում են գերմանական օրենքը:
Նախարարների կաբինետի կողմից հավանության արժանացած օրինագիծը նաեւ վերաբերում է մանկական պոռնոգրաֆիային եւ ահաբեկչության հետ կապված գործունեությանը Համացանցում:
Գերմանիայում արդեն գործում է ագրեսիվ հռետորաբանության մասին աշխարհում ամենախիստ օրենքներից մեկը, որը վերաբերում է վարկաբեկող տեղեկությունների, զրպարտանքի, սադրանքների եւ սպառնալիքների տարածմանը: