«Իգլայի» գործ. «Մեղադրանքներ են հնչեցնում, թե ես պայթուցիկ սարք եմ բերել և ցանկացել եմ այդ սարքով պայթեցնել երկրի նախագահի ինքնաթիռը». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործը փակուղի է մտել: Մարտի 24-ից նախաքննություն իրականացնող մարմինը որեւէ քննչական գործողություն չի իրականացնում: Ավելին՝ մինչ օրս գործով ընդամենը մեկ անձ է ցուցմունք տվել կալանավորված անձանց դեմ, մյուսները որեւէ ցուցմունք չեն տվել: Նրանց դեմ ցուցմունք տվող անձի ինքնությունը ԱԱԾ-ն դեռ գաղտնի է պահում:

Ինչ վերաբերում է այս գործով գաղտնալսումներին, որոնք ըստ էության հիմք են դարձել, որպեսզի իրավապահները կալանավորեն վերոնշյալ անձանց, ապա այնտեղ էլ կոնկրետ փաստեր չկան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ ձայնագրությունների մեջ ընդհանրապես զենքի մասին խոսք չի եղել: Սակայն քննիչներն ասել են, թե իրենք ենթադրում են, որ ինչ խոսել են՝ հենց հրթիռի մասին է»:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սանասար Գաբրիելյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանը հայտնեց, որ մարտի 24-ից մինչ օրս իր պաշտպանյալի մասով որեւէ քննչական գործողություն չի իրականացվել։ Ավելին՝ պաշտպանից տեղեկացանք, որ նա ապրիլի 3-ին գնացել է «Երեւան Կենտրոն» ՔԿՀ եւ հանդիպել իր պաշտպանյալի հետ. «Սանասար Բաղդասարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն վերջինս խոսք է ուղղել «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ից, որը անպայման կցանկանայի փոխանցել. «Ավելի քան 20 տարի կռվել եմ հայրենիքի համար, լինելով փոխգնդապետ՝ պայքարել եմ հանուն Հայաստանի Հանրապետության անկախության, եւ շատ ցավալի է, որ այսօր իմ անձի հետ կապված մեղադրանքներ են հնչեցնում, թե ես պայթուցիկ սարք եմ բերել եւ ցանկացել եմ այդ սարքով պայթեցնել երկրի նախագահի ինքնաթիռը կամ պետությանը վնաս տալ։ Շատ վիրավորական է, որ իմ հասցեին նման հայտարարություններ են արվում, ինքս ինձ երբեք նման բան թույլ չէի տա եւ անգամ մտքովս չէի կարող նման բան անցկացնել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս