«Առաջին նախագահի տեսակետը ոչ համարժեք է իրականությանը». Լարիսա Ալավերդյան

Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը այսօր լրագրողների հետ հանդիպամ ժամանակ խոսելով Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում խորհրդարան չանցած քաղաքական ուժերի մասին, ասաց, որ նրանք պետք է թերությունները փնտրեն իրենց մեջ:

«Այդ  քաղաքական ուժերը չպետք է քննադատեն հասարակությանը պարտության համար, այլ պետք է դասեր քաղեն այդ պարտությունից»,- նշեց Ալավերդյանը:

Որոշ քաղաքական ուժեր, ըստ Ալավերդյանի, փորձում են ոչ թե վերանայել իրենց ծրագրերը, ըմբռնումները, քաղաքացիների կողմից չընկալվող մոտեցումները, այլ ցանկանում են ողջ պատասխանատվությունը բարդել հասարակության վրա:

Նրա խոսքով՝ մյուս կողմից՝ հասարակությունը չի հավատում այն ուժերին, որոնք իշխանություն եղած ժամանակ ունեցել են այլ մոտեցումներ, ներկայումս՝ այլ:

«Քաղաքական գործիչների քայլերը, մոտեցումները, դիրքորոշումները 5 տարի առաջ,10 տարի առաջ, թե 20 տարի առաջ քաղաքացիների կողմից չի մոռացվում»,- շեշտեց Ալավերդյանը:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ տեսակետին` Ալավերդյանը մասնավորապես նշեց.

«Առաջին նախագահի տեսակետը ոչ համարժեք է իրականությանը: Եթե մինչև ապրիլի 2-ը ժողովրդի մի մասը դեռ կարող էր հույսեր փայփայել, որ Ադրբեջանի իշխանության հետ հնարավոր է բանակցություններ վարել, ապա ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հասարակությունում պարզ իրականություն դարձավ այն, որ Ադրբեջանը բոլորովին պատրաստ չէ ողջամիտ քայլերի»,- ասաց Լ. Ալավերդյանը և հավելեց, որ նոր իրավիճակում պետք է ստեղծել արցախյան հակամարտության կարգավորման նոր մոդել, ինչպես նաև երկու երկրների միջև պետք է լինի վստահության մթնոլորտ, որը ներկայումս բացակայում է:

Տեսանյութեր

Լրահոս