«Ընտրությունների ժամանակ հիմնականում հավասարակշռված լուսաբանում է եղել». Բորիս Նավասարդյան

«Թեև դուք տեսել եք, որ թե՛ միջազգային, թե՛ տեղական դիտորդներն արձանագրել են, որ այս ընտրությունների անցկացման հետ կապված մի քիչ պակաս են դժգոհությունները, քան նախորդ ընտրությունների ընթացքում, ես կարող եմ ասել, որ հեռարձակվող լրատվամիջոցների առումով մենք գրեթե նույն իրավիճակն ունեինք, ինչ 2012 և 2013 թվականների համապետական ընտրությունների ժամանակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով հեռարձակվող ԶԼՄ-ներում 2017թվականի ԱԺ ընտրությունների լուսաբանման՝ մշտադիտարկման արդյունքները՝ ասաց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:

Խոսելով այն մասին, թե արդյոք այս նոր ժամանակաշրջանում, երբ զարգանում են տեխնոլոգիաները, ինտերնետը և այլն, իմաստ ունի՞ այդքան մեծ ուշադրություն դարձնել հեռարձակվող լրատվամիջոցներին և հատուկ ուսումնասիրության առարկա դարձնել, Բ. Նավասարդյանն ասաց, որ, այո, իմաստ ունի, որովհետև, նրա խոսքով, մեր բնակչության մոտավորապես 80 տոկոսը շարունակում է հեռուստատեսությունը դիտարկել՝ որպես հիմնական տեղեկատվության աղբյուր:

«Կան նաև անուղղակի ապացույցներ, որ հեռուստատեսությունը մնում է շատ կարևոր:  Ես նկատի ունեմ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երկու հարցազրույցները «Կենտրոնի» և Հանրային հեռուստատեսության եթերում: Ես շատ լավ հիշում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ո՛չ նախագահ լինելու ժամանակ, ո՛չ քաղաքականությունից հեռանալուց հետո, ո՛չ էլ ընդդիմություն լինելու ընթացքում, երբևէ հեռուստատեսությունների տաղավարում հարցազրույց չի տվել: Եթե ինքը շփվել է լրագրողների հետ, հիմնականում արտասահմանյան լրագրողներ են եղել, ու նաև իր գրասենյակում հրավիրում էր մի քանի լրագրողների ու իրենց հետ զրուցում՝ հիմնականում մենախոսության ժանրով:

Փաստորեն, մենք տեսանք, որ նույնիսկ պարոն Տեր-Պետրոսյանը մեծ նշանակություն տվեց հեռուստատեսությանը, եթե որոշեց տալ հարցազրույցներ: Նույնը վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ես էլի չեմ հիշում որևէ դեպք, որ նա այցելեր որևէ հեռուստատեսության տաղավար, ինքը տվել էր հարցազրույցներ, բայց դա տեղի էր ունենում իր տանը: Փաստորեն, սա նույնպես պատմական իրադարձություն էր»,- նշեց Բ. Նավասարդյանը, ըստ որի՝ այս երկու իրադարձությունները վկայում են, որ հեռուստատեսությունը շարունակում է շատ կարևոր դեր ունենալ:

Նրա դիտարկմամբ՝ տարածքային ցուցակներում ներառված պատգամավորների  թեկնածուների հավասար իրավունքի պահանջը չի կատարվել. «Չի կատարվել ո՛չ այն պատճառով, որ դրա վերաբերյալ օրենքում որևէ դրույթ չկա, ո՛չ էլ պրակտիկայով փորձեցին այդ հարցը լուծել, ու, փաստորեն, տարածքային ցուցակներում ներկայացած թեկնածուները ստացան ահռելի առավելություններ մյուսների նկատմամբ, եթե հրավիրվում էին խոսելու եթերով: Դուք շատ լավ հասկանում եք՝ ինչպիսի ազդեցություն կարող էր ընտրողի վրա թողնել, ասենք, նույն տարածքում ընդամենը մեկ թեկնածուի երևալը հեռուստաեթերում, մնացածն այդ հնարավորությունից փաստորեն զրկված էին»:

Բ. Նավասարդյանի կարծիքով՝ երկրորդ խնդիրը դեբատների բացակայությունն էր. «Քանի որ Հայաստանն արդեն 26 տարվա անկախ պետության պատմություն ունի, հավակնություններ ունի զարգանալ՝ որպես ժամանակակից  ժողովրդավարական երկիր, բանավեճերի բացակայությունն արդեն դառնում է նյարդայնացնող: Խոսքը բոլոր մասնակցող ուժերի առաջին համարների  կամ վարչապետների թեկնածուների մակարդակով դեբատների բացակայությունն էր: Կարծում եմ՝ եթե դա կամավոր եղանակով չի կայանում, պետք է օրենսդրությամբ սահմանել ու ամրագրել Հայաստանում»:

Նրա դիտարկմամբ՝ ընտրությունների ժամանակ հիմնականում հավասարակշռված լուսաբանում է եղել. «Թեև ես միանշանակ ընդունում եմ, որ եթերային ժամանակի առումով բալանսավորված լուսաբանում է եղել, սակայն խոսքը չպետք է գնա միայն թվային տվյալների մասին, այլ նաև բովանդակության մասին: Այսինքն՝ հավասար  հնարավորություններ և հավասարակշռված լուսաբանում պետք է ենթադրվի նաև բովանդակությամբ: Այստեղ ունենք որոշ խնդիրներ»:

Բ. Նավասարդյանը նշեց, որ մի տագնապալի բան են նկատել. «Մենք համեմատեցինք 2012-2013 թվականների ընտրությունների ժամանակ ընդհանրապես այդ նշանային բնութագրիչներով լուսաբանումն ընդհանուր ծավալի մեջ: Եթե 2012 թվականին այդ տոկոսը կազմել էր 3.5 տոկոս, որը բավականին ցածր թիվ է, 2013 թվականին էլ ավելի ցածր թիվ՝ 2.2 տոկոս, այս անգամ այդ տոկոսը  բարձրացել է ու հասել է 6.5 տոկոսի, որը մենք վաղուց չունեինք, նման թվեր մենք ունեինք 2007, 2008 թվականներին: Նորմալը համարվում է մինչև 5-ը»:

Տեսանյութեր

Լրահոս