«Նախնական արդյունքներով ՀՀԿ-ն կառավարություն ձևավորելու համար ունի բոլոր շանսերը». Շարմազանով

Հայաստանի Հանրապետությանը հաջողվել է նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա կազմակերպել ժողովրդավարական, թափանցիկ, մրցակցային ընտրություններ. Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Արդեն ապրիլի 3-ն է, ՀՀ-ում տեղի ունեցան ԱԺ ընտրություններ: Կարող ենք շնորհավորել մեր հասարակությանը, բոլոր քաղաքական ուժերին, որ ՀՀ-ին հաջողվեց նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա կազմակերպել ժողովրդավարական, թափանցիկ, մրցակցային ընտրություններ: Սա բոլորիս հաջողությունն է, և անկախ նրանից, թե քանի դաշինք ու կուսակցություն կլինի, ժողովրդավարության հաղթանակը Հայաստանում անքննելի փաստ է, բազմակարծության ու պառլամենտարիզմի զարգացման ճանապարհով է գնում Հայաստանը»,-  ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա հավելեց, որ արդեն ստացվում  են առաջին տվյալները, և  տենդենցը բավական դրական է ՀՀԿ-ի համար: «Կան էքզիթ փոլի տվյալները, և անվիճելի է, որ ՀՀԿ-ն ընտրական մարաթոնի առաջամարտիկն է»,- նշեց Շարմազանովը:

Անդրադառալով  «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի անդամ Արամ Մանուկյանի կամ այլ քաղաքական գործիչների հայտարարություններին, թե զարմանալի է, որ այսքան շատ է եղել մասնակցությունն ընտրություններին, ՀՀԿ խոսնակն արձագանքեց. «Ինձ համար անհասկանալի են հարգելի պարոն Արամ Մանուկյանի նման հայտարարության դրդապատճառները: Ընդամենը առավոտյան ու երեկ երեկոյան նրանց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հավաստիացնում էր, որ գործնականում անհնար է նման ընտրական օրենսգրքով որևէ կեղծիք: Խնդրում եմ հայտարարություն անելուց առաջ ուշադիր հետևել իրենց քաղ աքական ուժի ղեկավարների արած հայտարարություններին: Այս Ընտրական օրենսգիրքը  զրոյի է հասցնում ամեն մի միջամտություն»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

Կարդացեք նաև

Նա նկատեց, որ  չի եղել գեթ մեկ ահազանգ, որի հետևից իրավապահ մարմինները, ԿԸՀ-ի ներկայացուցիչները, ՄԻՊ-ը, իշխանությունը չարձագանքեն: «Նաև իրենց եմ շնորհավորում, որ իրենց մասնակցությամբ կարողացանք ունենալ այնպիսի օրենսգիրք, որով արձանագրվեց, որ ժողովրդավարությունն արդեն Հայաստանում է: Ես բոլորին կոչ եմ անում մի կողմ դնել նեղ անձնական, կուսակցական շահը և առաջնորդվել Հայաստանի Հանրապետության շահերով»,- ասաց Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև այլ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու հավանականությանը: Նա նշեց, որ չի ցանկանում շտապել, սակայն նախնական տվյալներով ՀՀԿ-ն ունի բոլոր շանսերը կառավարություն ձևավորելու համար: Նա ընդգծեց, որ ՀՅԴ-ի հետ գործընկերային հարաբերությունները երկարաժամկետ են և ռազմավարական:

Տեսանյութեր

Լրահոս