
«Կային տարբեր տեսակի խախտումներ, տարբեր մակարդակի անփութություններ, խառնաշփոթ». Սերժ Թանկյանի գնահատականը

Քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էրիկ Ներսիսյանն ընթերցեց Սերժ Թանկյանի հայտարարությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Թանկյանը նշում է, որ իրենք այցելել են 12 ընտրատեղամաս. Վանաձորում՝ 2, Սպիտակում՝ 2, Գյումրիում՝ 3, Մարալիկում՝ 1, Ազատանում՝ 1, Թալինում՝ 1, Աշտարակում՝ 1, և Երևանում՝ 1:
«Ամենամեծ ընտրախախտումը մենք նկատեցինք և արձանագրեցինք Սպիտակում: Հանձնաժողովի անդամը կանգնած էր անմիջապես ընտրախցիկի կողքին և զրուցում էր ընտրողի հետ: Հետո նա վերցնում էր չօգտագործված քվեաթերթիկներն այլ ընտրախցիկից ու ինքն էր դրանք հեռացնում, նա նաև շատ մոտիկից խոսում էր յուրաքանչյուր ընտրողի հետ, որոնք ներս էին մտնում: Կային տարբեր տեսակի խախտումներ, տարբեր մակարդակի անփութություններ, խառնաշփոթ: Մարդիկ ընտրատեղամասում սփռվում էին, խառնվում էին իրար: Որոշ տեսանկարահանման սարքեր, կարծես թե, չէին աշխատում, երբ մենք օնլայն հետևում էինք»,- ասվում է Թանկյանի հայտարարության մեջ:
Նա նաև նշում է, որ իր կողմից անհայտ մնալն անհնար էր, դրա համար շատ հնարավոր է, որ շատ ընտրախախտումները նախօրոք կանխվել են: