Մոմավառություն՝ քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին
Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանի նախաձեռնությամբ ապրիլի 2-ին տեղի ունեցավ մոմավառություն՝ քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին: Վաղ առավոտյան եկեղեցու հավատացյալները եւ դպրոցականները վառեցին 670 մոմ՝ քաջորդի նահատակների հիշատակի համար: Տեղի ունեցավ նաեւ պատարագ եւ հոգեհանգստի կարգ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տեր Մխիթար քահանա Ալոյանն ընդգծեց, որ այս գաղափարն իրականացրել է հոգու պարտքը կատարելու, եւ խղճի հանգստության համար: «Ինձ զգում եմ մի տեսակ «պարտքի տակ»: Նրանք ապահովեցին մայր հողի, իմ եւ բոլորիս ընտանիքների անդորրը, ինչպես նաեւ ինձ խաղաղ պատարագների մատուցման հնարավորություն տվեցին: Նրանց արյան ամեն կաթիլը մի նոր հայ մանուկի ծնունդ է: Նրանց փոխարեն կարող էր լինել իմ եւ ցանկացածիս զավակը կամ թոռնիկը: Սա ամենաքիչն է, որ կարող եմ անել նրանց համար ֆիզիկապես, բայց ամենաշատը՝ հոգիների հանգստության համար»,- ընդգծեց Տեր Մխիթար Ալոյանը:
Տեր հոր խոսքերով, եթե ստացվի, այսօր կլինի առաջնագծում: «Ես չեմ հաշտվում այն մտքի հետ, որ այդ առյուծ տղաները, այդ ընտրյալները չկան, իսկ ես՝ կամ: Պատրաստ եմ զոհվել, միայն թե պարտքս մարեմ այդ «երեխեքի» արածների համար»,-հավելեց նա:
Այդ դեպքերից հետո, Տեր հայրը միշտ է անհանգիստ: Հայրենի սահմանը մշտապես կանչում է իրեն: Նախորդ տարի ապրիլի 8-ից եղել է Մատաղիսում՝ քաջորդիների, սահմանը պահպանող տղաների հետ: Մայիսի 8-11-ը կրկին եղել է սահմանին՝ այս անգամ Ջաբրայիլում: Նա շուրջ 600 հազար դրամի սննդամթերք, անհրաժեշտ պարագաներ, հագուստ է տարել իր հետ:
Նախորդ տարի ապրիլի 24-ին Տեր հայրը կրկին մոմավառություն էր կազմակերպել՝ քառօրյա պատերազմի զոհերի եւ Ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ:
Լիլիթ Մաճկալյան