«Եկա այն եզրակացության, որ հնարավոր չէ որևէ բան կեղծել». Պետդումայի դիտորդական պատվիրակության ղեկավար
Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ ընտրությունների Պետդումայի դիտորդական պատվիրակության ղեկավար Վիկտոր Վոդոլացկին ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն իր տեսակետը հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ:
«Դիտորդների մեր խումբը բաղկացած է ինը մարդուց: Մեծամասամբ շրջել ենք Երևանի ընտրատեղամասերում: Դիտորդներից երկուսը շուտով կվերադառնան Գյումրիից և Ստեփանավանից»,-նշեց Վոդոլացկին:
Նրա խոսքով` ինքը հասցրել է լինել տասը ընտրատեղամասերում, իսկ երեկ եղել է Գառնիում և Գեղարդում, որպեսզի տեսնի, թե ինչպես են անցնում ընտրությունների նախապատրաստական աշխատանքները:
«Առավոտյան ընտրող տատիկներից մեկի հետ անցա ընտրական ողջ արարողակարգը՝ հասկանալու համար, թե որտեղ հնարավոր կլինի ինչոր բան խախտել և եկա այն եզրակացության, որ հնարավոր չէ որևէ բան կեղծել»,-ասաց նա:
Ըստ Վոդոլացկու` ինքը չի կարծում, որ որևէ ընտրող կարող է բողոքել ընտրելու այս նոր ձևից: «Կարծում եմ` տարբեր պետություններ կյուրացնեն այս նոր ձևաչափի տարրերը, որպեսզի հետագայում քիչ լինեն բողոքները: Նոր տեխնիկան միայն մի խնդիր ունի. հաճախ
մարդկանց հերթեր են առաջանում այն պատճառով, որ սկաները դժվարությամբ է ճանաչում մեծահասակների մատնահետքերը: Եթե այլ երկրներ որոշեն կիրառել այս մեխանիզմները, ցանկալի է, որ հաշվի առնեն դա»,-ընդգծեց նա:
Վիկտոր Վոդոլացկին շեշտեց, որ շատ կուսակցություններ իրենց ծրագրերում պարզ չեն ներկայացրել ՀայաստանՌուսաստան հարաբերությունների հետագա զարգացումը, գուցե դա է պատճառը, որ ընտրողների մի մասը դժվարությամբ է կողմնորոշվում իր ձայնը համապատասխան կուսակցությանը կամ դաշինքին տալու հարցում:
Նա ասաց, որ 17:00-ից հետո իրենք ևս մի քանի ընտրատեղամասեր կայցելեն ու կփորձեն հաղորդակցվել երիտասարդների հետ, քանի որ նրանք ազատ են, բացահայտ ասում են, թե ում են տալիս իրենց ձայնը և ինչու:
Վիկտոր Վոդոլացկին եզրափակեց խոսքը`շնորհավորելով բոլորին հայռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ, որը լրանում է ապրիլի 3-ին:
«Մենք դրական ենք տրամադրված սոցիալական, մշակութային, տնտեսական և այլ
ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու համար»,ասաց նա:
Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցում են քաղաքական 9 ուժեր, որոնցից 5ը կուսակցություններ են, 4-ը` կուսակցությունների դաշինքներ: Ընտրություններին մասնակցում են Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», Հայաստանի Կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաև «Ելք», «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները:
ՀՀ ոստիկանության հրապարակած վերջին տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է 2 միլիոն 564 հազար 195, հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 915: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվն ըստ տվյալների 2001 է:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը 28 հազար 277 է: Ընտրական տեղամասեր գործուղվել են ոստիկանության 197 ծառայողներ: Ազգային ժողովի ընտրությունները կլուսաբանի 120 լրատվամիջոց (89 տեղական և 31 միջազգային) և 55 դիտորդական կազմակերպություն: