Բաժիններ՝

Վիգեն Սարգսյանը «Շիրակ» գերեզմանատանը հարգանքի և երախտագիտության տուրք մատուցեց ապրիլյան պատերազմի զոհվածների հիշատակին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայությամբ ապրիլի 2­-ին այցելեց «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների» պանթեոն՝ հարգանքի և երախտագիտության տուրք մատուցելու ապրիլյան ագրեսիայի ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում և Արցախյան ազատամարտում Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին:

Գերեզմանատանը ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի մատուցվեց հոգեհանգստի կարգ: Ավելի ուշ նախարարը եղավ նաև Գյումրիում
անցած տարվա սեպտեմբերին բացված Ապրիլյան հերոսների անվան փողոցում, ծաղկեպսակ դրեց հուշաքարին և մեկ րոպե լռությամբ հարգեց նրանց հիշատակը:

«Մենք ոգեկոչում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը դրեցին մեր երկրի ազատ ու անվտանգ հիմքը դնելու՝ Արցախյան ազատամարտում, ապա նաև ապրիլյան քառօրյայի օրերին: Դա մեր ողջ ժողովրդի ոգեկոչումն է: Տղաներին այսօր հիշում է մեր ողջ ժողովուրդը: Ապրիլի ամենամեծ դասը եղավ մեր միասնականությունը, մեր ժողովրդի, մեր ողջ հասարակության համախմբվածությունը, մեր կամավորականների՝ մեր զինված ուժերի կողքին կանգնելու դրսևորումը, սփյուռքի մեր եղբայրների ու քույրերի անվերապահ աջակցությունը, մեր երիտասարդության ինքնաբուխ ու շատ ազդեցիկ արձագանքը: Մենք ապրիլին դարձանք ավելի ուժեղ, որովհետև ապրիլին մենք հիշեցինք միասնական լինելու խորհուրդը»,-­լրագրողներին ասաց Վիգեն Սարգսյանը:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս