Գագիկ Ծառուկյանը քվեախցիկից դուրս հանեց նաև չքվեարկած քվեաթերթիկները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Ծառուկյան» դաշինքի ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանն իր ընտանիքի անդամների հետ մասնակցեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:

Գ. Ծառուկյանն արդեն քվեարկած և ծրարի մեջ դրած քվեաթերթիկի հետ քվեախցիկից դուրս հանեց նաև մյուս 8 քվեաթերթիկները: Հանձնաժողովի անդամները նրան ասացին, որ դրանք պետք է քվեախցիկում աղբամանը նետվեին, սակայն Ծառուկյանը դրանք հետը դուրս հանեց:

Ընտրատեղամասից դուրս գալուն պես՝ Գ. Ծառուկյանին մոտեցան կանայք, բարևեցին նրան, ցանկացան զրուցել նրա հետ, սակայն Ծառուկյանը շտապում էր: Լրագրողների հետ զրույցում Գ. Ծառուկյանը բողոքեց, որ իրեն թույլ չեն տալիս բարեգործություն անել՝ ասելով, որ դա ընտրակաշառք է, բայց, նրա խոսքով, ինքը ողջ կյանքում է բարեգործություն արել, ոչ թե՝ միայն հիմա:

Անդրադառնալով իր՝ նախկինում արած այն հայտարարությանը, որ, եթե «Ծառուկյան» դաշինքը հաղթի, իր ընկերները պատրաստ են 15 միլիարդ դոլարի ներդրում անել Հայաստանում, Գ. Ծառուկյանն ասաց, որ դա դեռ միայն մի ընկերոջ մասին է ինքը խոսել, բայց շատ ընկերներ ունի տարբեր երկրներում. «Որոնք հավատում են Ծառուկյանին, Ծառուկյանի ապրածը, ընկերությունը, հարգանքը, խոսքը, որ Ծառուկյանը երբեք խաբող մարդ չի, արժանապատիվ մարդ է: Եթե իրավունքներն իմ ձեռքում չլինեն, չեն դնի իհարկե»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս