Տեղական դիտորդներ. առավել բարդացվել են բողոքարկման ընթացակարգերը
«Իրավունքի Եվրոպա միավորում»,«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» և «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպությունները՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում տարածել են հայտարարություն, որում մասնավորապես ասվում է.
«25.05.2016թ. ընդունված ընտրական օրենսգրքով առավել բարդացվել են բողոքարկման ընթացակարգերը, սահմանվել են դիմումներին առաջադրվող մի շարք ձևական պահանջներ, ինչպես նաև դրանց չպահպանման անհամաչափ իրավական հետևանքներ, որոնք մի շարք դեպքերում, մեր գնահատմամբ, հանգեցնում են ՀՀ Սահմանադրության պահանջների խախտմանը:
Այնուամենայնիվ, ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի դրույթներով, որոնց համաձայն, ներկայացուցչի միջոցով ներկայացվող դիմումին պետք է կցվի նաև օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը, ինչպես նաև դիմումատուի կարգավիճակը հավաստող վկայականի պատճենը, դիտորդական առաքելության մեջ ներգրավված բոլոր դիտորդների կողմից տրված լիազորագրերը և վկայականների պատճենները առձեռն կներկայացվեն 38 տարածքային ընտրական հանձնաժողովներին` ըստ տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ընդգրկված տեղամասերի դասակարգման: Յուրաքանչյուր տարածքային ընտրական հանձնաժողովին կներկայացվեն նաև լիազորված փաստաբանների արտոնագրերի պատճենները:
Նկատի ունենալով, որ վերոնշյալ փաստաթղթերը` ըստ տեղամասերի դասակարգման, կներկայացվեն մինչև համապատասխան դիտորդների և կազմակերպությունների կողմից դիմում-բողոքների մուտքագրումը տարածքային ընտրական հանձնաժողովներ, հետագայում վերջիններիս կողմից ներկայացվող դիմում-բողոքներին կից դրանք այլևս չեն ներկայացվի (քանի որ ամբողջական փաթեթն արդեն իսկ առկա է լինելու համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովում` ըստ տեղամասերի համարների):
Վերոնշյալ փաստաթղթերի փաթեթը նախապես տարածքային ընտրական հանձնաժողովներ ներկայացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է իրականացվող մեծածավալ դիտորդական առաքելության (ավելի քան 3000 հավատարմագրված դիտորդների կազմով) ընթացքում հնարավոր խախտումների քանակով, ինչպես նաև նույն դիտորդի կամ դիտորդական կազմակերպության կողմից մեկից ավելի դիմումներ ներկայացնելու հնարավորությամբ, դիմումները առավել սեղմ ժամկետներում ներկայացնելու և քննելու, ինչպես նաև դրանց օպերատիվ լուծման անհրաժեշտությամբ:
Ընտրական հանձնաժողովների կողմից յուրաքանչյուր դիմումին կից լիազորագիր կամ դիտորդի վկայականի պատճեն չներկայացնելու հիմքով դիմում-բողոքները չընդունելը կամ չքննելը (նշված փաստաթղթերի փաթեթը նախապես ներկայացված լինելու պայմաններում) կհանգեցնի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված ձևական պահանջների չարաշահման արգելքի և նույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված առավելագույնի սկզբունքների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի իրացման և ընտրական իրավունքի պաշտպանության ապահովման պետության պարտավորության խախտմանը:
Այսպես. Վարչարարություն իրականացնելիս վարչական մարմիններին արգելվում է միայն ձևական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որևէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են:
Վարչական մարմիններն իրավունք չունեն անձանցից պահանջել կատարելու այնպիսի գործողություններ, որոնք արդեն իսկ կատարվել են այդ անձանց կողմից այլ գործողությունների շրջանակներում կամ էլ իրենց բովանդակությամբ ներառվում են կամ կարող են ներառվել այդ շրջանակներում:
Եթե անձանց կողմից վարչական մարմիններ ներկայացված փաստաթղթերը (տվյալները, տեղեկությունները) իրենց մեջ բովանդակային առումով ներառում են անհրաժեշտ այլ փաստաթղթերի բովանդակություն, ապա վերջիններս այլևս չեն կարող պահանջվել լրացուցիչ կամ առանձնացված ձևով»: