Առողջապահության նախարարությունում քննարկվում է ավելի քան երկու տասնյակ ներդրումային ծրագիր
Առողջապահության նախարարությունում քննարկվում են մոտ երկու տասնյակից ավելի ներդրումային ծրագրեր: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին երեկ ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
«Դրանցից մոտավորապես մեկ քառորդը դեղագործական ոլորտին են վերաբերում: Ծրագրերի մի մասը կիրագործվի մոտակա կես տարում, մյուսներին պահանջվում է 1-1,5 տարի»,-ասել է նախարարը:
Նրա խոսքով` կառավարության վերջին քայլերն ուղված են բիզնես գործունեության ավելի դյուրացմանը:
«Եթե նկատի ունենանք, որ ցանկացած գործարար 5 տոկոսից պակաս շահութաբերության դեպքում չի մտնի շուկա, մենք պետք է ներդնողներին գայթակղենք մոտավորապես 20-25 տոկոս շահութաբերությամբ, որի 17 տոկոսով գործարարը կծածկի իր ռիսկերը, իսկ 57 տոկոսը կկազմի իր եկամուտը»,-ասել է Ալթունյանը:
Անդրադառնալով Վայոց ձորի և Սյունիքի մարզերում կատարված այցելությունների արդյունքներին՝ նախարարը նշեց.
«Պետք է ուրախությամբ ասեմ, որ բոլոր տեղերում ես հանդիպեցի խորը հասկացողություն, եռանդ և էլեկտրոնային առողջապահության ներդրման, և ապահովագրական համակարգի, պրոտոկոլների ներդրման հարցերում: Ես այցելեցի հիվանդանոցներ և մեկ զինվորական հոսպիտալ: Շրջայցի հիմնական նպատակն էր բուժանձնակազմին հասցնել նախարարությունում կատարվող փոփոխությունները և նախարարությունում նախատեսված բարեփոխումների ժամանակացույցը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպես է բուժանձնակազմն ընկալում այդ փոփոխությունները»,-ընդգծել էԱլթունյանը: