«Ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս-քվոյին այլընտրանք այս պահին չկա». Վաղարշակ Հարությունյան

Ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս-քվոյին այլընտրանք այս պահին չկա: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյոք կա՞ խնդրի լուծման որևէ տարբերակ, որ հնարավոր է՝ առանց տարածքներ վերադարձնելու:

Մեր դիտարկմանը, որ ստատուս-քվոյի պահպանման դեպքում գրեթե ամեն օր զոհ և վիրավոր ենք ունենում, Վ.Հարությունյանը նշեց, որ դա ցավալի է, բայց կա՛մ հանձնվում եք, կա՛մ շարունակում ենք մեր պայքարը, այնպիսի մթնոլորտ չկա, որ Ադրբեջանը համաձայնի դրան. «Աշխարհում դրվածքը դա է: Իսկ գալ համաձայնության, որ տարածքներ չվերադարձնենք, հնարավոր չէ այնպես, ինչպես մենք 100 տարի չենք համակերպվում Ցեղասպանության հետ»:

«Այսօր չկա որևէ նախապայման, որ Ղարաբաղի հարցը լուծվի: Այսօր ստատուս-քվոն պահվում է Ադրբեջանի մեղքով, և որևէ նախապայման չկա, որ իրավիճակը փոխվի նաև առաջիկայում»,- ասաց Հարությունյանը:

Ըստ նրա` տարածքներ զիջելը ևս իրավիճակ չի փոխի, օրինակ, Իսրայելը զիջեց տարածքներ, բայց հետո այնտեղ պատերազմ սկսվեց: Նախկին նախարարը նշեց, որ Ադրբեջանի ցեղերը դժգոհ են իշխանություններից, և այնտեղ դժգոհությունը ձեռնտու է Հայաստանին, բայց արդյոք այդ դժգոհությունը կհասնի՞ բողոքի ալիքի, դժվար է ասել:

Կարդացեք նաև

Վ.Հարությունյանը բացառեց որևէ սցենար, երբ միջազգային հանրությունը Հայաստանին որևէ լուծում կպարտադրի. «Ոչ, այդպիսի սցենար ես չեմ տեսնում: Տեսականորեն հնարավոր է՝ արդբեջանական կողմին ստիպեն: Հայկական կողմը պատրաստ է փոխզիջումների, հայկական կողմը չի տվել որևէ պատճառ, որ մեզ ստիպեն, իսկ ադրբեջանական կողմին, տեսականորեն հնարավոր է, որ ստիպեն: Նաև գնահատվում է այն, որ հայկական կողմը չի ճանաչել Ղարաբաղը, ապրիլյան գործողությունների ժամանակ բանակով չմտավ այնտեղ: Հայկական կողմը ճիշտ քաղաքականություն է վարում»:

Մեր հարցին, թե ե՞րբ է հնարավոր, որ միջազգային հանրությունն Ադրբեջանին որևէ լուծում պարտադրի, Վ.Հարությունյանը պատասխանեց, որ դա հնարավոր է Ադրբեջանում նավթը վերջանալուց հետո, քանի որ առայժմ նավթը գնում է Եվրոպա. «Բայց Թուրքիան նույն կերպ կանգնելու է Ադրբեջանի թիկունքում, ինչպես հիմա է կանգնում»:

Նախկին նախարարը չբացառեց հետագայում ռազմական գործողությունների կրկնությունը, քանի որ մենք շարունակում ենք գտնվել պատերազմական իրավիճակում, և զինադադարի պայմանագիր ստորագրված չէ, հետևաբար` պետք է շարունակենք ստեղծել հզոր բանակ. «Բայց Ադրբեջանը պատերազմ վերսկսելու ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմական ռեսուրս չունի»:

Տեսանյութեր

Լրահոս