«Խնդրի լուծման ցանկացած տարբերակ պարունակում է «տարածք` կարգավիճակի դիմաց» դրույթը». Վաղարշակ Հարությունյան

ԵԱՀԿ համանախագահների գործողությունները կապված են ապրիլյան գործողություններից հետո զարգացումների և հայկական կողմի դիրքորոշման հետ, որ Հայաստանը նախապայմաններ դրեց բանակցությունները վերսկսելու համար, այդ թվում` հրադադարի խախտման բացահայտման մեխանիզմներ դրվեն, երաշխիքներ տրվեն, որ Ադրբեջանը նորից չի սկսի ռազմական գործողություններ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում համանախագահները լիովին համաձայնեցին Հայաստանի առաջարկած մոտեցումներին, նույնիսկ Ադրբեջանը համաձայնեց, բայց, վերադառնալով Բաքու, հրաժարվեց դրանից: Ինչո՞ւ: Որովհետև դա իր մարտավարությունն է»,- ասաց Վ.Հարությունյանը:

Ըստ նրա` հաղթանակի հասնում են 3 ճանապարհով` հաղթանակով ամրագրելով իրադրությունը, երկկողմ համաձայնությամբ, և միջազգային հանրությունը ստիպում է կողմերին այն մոտեցումը, որ իրենք տեսնում են, ինչպես եղավ Հարավսլավիայում: Մեր պարագայում, նախկին նախարարի կարծիքով, այս վերջին տարբերակը չի գործում, և որևէ պետություն, կազմակերպություն կամ խումբ լիարժեք չի կարող ստիպել` առկա իրավիճակից ելնելով, քանի որ կա Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան, Ռուսաստան, և հնարավոր չէ ռազմական օպերացիա իրականացնել ու ստիպել կողմերին ընդունել որևէ լուծում: Վ.Հարությունյանը նշեց, որ 1994թ.-ին Հայաստանի ճիշտ քաղաքականությունը, հայ ժողովրդի կամքը պարտադրեց Ադրբեջանին ընդունել ստատուս-քվոն:

Վ.Հարությունյանը նշեց, որ բանակցությունները նվազեցնում են ռազմական գործողությունների հավանականությունը, բանակցություններն Ալիևին թույլ կտան ասել, որ փորձում է լուծել խնդիրը, սակայն չի կարելի շտապել, որովհետև  Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղն ու տարածքները կվերադառնան Ադրբեջանին, բացի դա, նաև Երևանը, Մեղրին և Զանգեզուրն ադրբեջանական տարածքներ են:

Վ.Հարությունյանի խոսքով` միջազգային հանրությունը չի կարող ստիպել Ադրբեջանին մի հասարակ հարց, որ նա պարտավորվել է զենքի չդիմել, բայց իր կողմից վերցրած պարտավորությունը խախտում է, և որևէ ճնշում չկա նրա վրա. «Հույս կապելը դրա հետ, կարծում եմ, շատ քիչ էֆեկտիվ է: Համանախագահները տարածաշրջանում ունեն իրենց շահերը, բայց որևէ կողմի չեն կարող ստիպել որևէ տարբերակ: Տարբեր ժամանակներում դա եղել է, և որևէ արդյունքի չենք հասել, և այսօր մենք լուծում չունենք»:

Վ.Հարությունյանի կարծիքով` Մադրիդյան սկզբունքները և խնդրի լուծման ցանկացած տարբերակ պարունակում է «տարածք` կարգավիճակի դիմաց» դրույթը: Նա չհամաձայնեց, որ Մադրիդյան սկզբունքները կարելի է հիմա ստորագրել, քանի որ անգամ համանախագահները խնդիր ունեն` ո՞վ է մտցնում խաղաղապահ ուժերը, քանի որ, ով մտցնի, նա էլ կվերահսկի տարածաշրջանը, իսկ Ադրբեջանն էլ ուզում է մի քանի տարածք պոկել` ոչինչ չտալով, և նրան աջակցում է Թուրքիան:

Տեսանյութեր

Լրահոս