Ադրբեջանական հայտնի ընտանիքը Թրամփի համար գլխացավանք է դարձել
ԱՄՆ սենատի մի խումբ անդամներ նախագահ Թրամփի՝ Ադրբեջանում ծավալած բիզնես գործունեությունը ստուգելու համար դիմել են դաշնային հեռախուզությանը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Սենատի անդամները դաշնային հետախուզությանը կոչ են արել այդ գործունեությունը ուսումնասիրել կոռուպցիայի դեմ պայքարի և պատժամիջոցների օրենքի շրջանակներում և պարզել արդյոք խախտումներ կան, թե ոչ:
ԱՄՆ սենատորներ Շերրոդ Բրաունը, Բեն Քադինը և Դայան Ֆենշտեյնը իրենց մտահոգությունը հայտնել են ԱՄՆ ֆինանսների նախարարին, գլխավոր դատախազին և Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենին ուղղված նամակում:
Բրաունը, Քարդինը և Ֆենշտեյնը հանդիսանում են ԱՄՆ սենատի Բանկային, բնակարանաշինության և քաղաքաշինության, արտաքին գործերի և արդարադատության հանձնաժողովների անդամներ:
ԱՄՆ կոնգրեսի հրապարակման համաձայն` սենատորների մտահոգության պատճառ է հանդիսացել Նյու Յորքեր ամսագրում 2017-ի մարտի 13-ին տպագրված «Դոնալդ Թրամփի ամենավատ համաձայնագիրը» վերնագրով հետազոտական հոդվածը:
Հոդվածում խոսվում է ԱՄՆ նախագահ Թրամփի և Ադրբեջանի տրանսպորտի նախկին նախարար Զիյա Մամմեդովի ընտանիքի միջև եղած կապերի մասին:
Հոդվածի համաձայն` Մամմեդովները կապ ունեն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, որը Իրանում հանդիսանում էլիտար ռազմական ստորաբաժանում եւ անմիջապես ենթարկվում է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիին: Կորպուսը ստեղծվել է 1979-ին և բավական մեծ եւ որոշիչ ազդեցություն ունի երկրի քաղաքական կյանքում:
Սենատորների կարծիքով բիզնեսը կարող է միջոց հանդիսանալ փողերի լվացման և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ այլ անօրինական գործարքներ իրականացնելու համար:
Սենատորներն իրենց գրած նամակում նշում են, որ Trump Organization ընկերության և Մամմեդովների ընտանիքի մեջ եղած կապը կասկածներ է առաջացնում:
Սենատորների նամակում ասվում է որ պետք է մանրակրկիտ ուսումնասիրություն կատարվի, քանի որ կարող է պարզվել, որ Trump Organisation ընկերության կատարած գործարքների արդյունքում Թրամփը և նրա կազմակերպությունը գտնվում են Ադրբեջանի կոռումպացված օլիգարխների և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ազդեցության տակ:
«Այս ամենը կնշանակի, որ Trump Organisation-ը խախտել է ԱՄՆ պատժամիջոցների մասին օրենքը»,- նշել են սենատորները:
Նամակում նշվում է , որ չնայած Trump Organisation-ը Ադրբեջանում դադարեցրել է իր գործունեությունը, նրա պոտենցիալ քրեական պատասխանատվության և քննության հարցը մնացել է անպատասխան:
Սենատորները Արդարադատության նախարարությանը խնդրել են մանրամասն ուսումնասիրության ենթարկել Trump Organization-ի և Ադրբեջանի տրանսպորտի նախկին նախարար Զիյա Մամմեդովի, նրա որդի Անարի և եղբոր Էլթոնի հետ ունեցած կապերը:
ԱՄՆ ԶԼՄ-ները սրանից առաջ էլ են անդրադարձել Մամմեդովների ընտանիքի, Trump Organisation –ի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ունեցած հնարավոր հարաբերություններին: Այս ամենի շուրջ մի շարք միջազգային լրատվամիջոցներ հարց են ուղղել Մամմեդովներին սակայն հարցերը մնացել են անպատասխան:
Ամերիկյան հայտնի «Խոսքի ազատությունը ժողովրդի համար» հասարակական կազմակերպությունը նույնպես Նյու Յորքի դատախազ Էրիկ Շնայդերմանից պահանջել է ստուգել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բիզնես հոլդինգի ծավալած գործունեությունը:
Կազմակերպությունը մարտի սկզբին ամերիկյան հեղինակավոր «Նյու Յորքեր» ամսագրում տպագրած հոդվածում, մասնավորապես, անհանգստություն էր հայտնել Թրամփին պատկանող Trump Organization ընկերության և Ադրբեջանի նախկին տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի ընտանիքի միջև եղած բիզնես կապերի վերաբերյալ:
Կազմակերպությունը դատախազությունից պահանջել «արտաքին կոռուպցիոն դրսևորումների» հատկանիշներով ստուգել Trump Organization-ի և Զիա Մամեդովի ընտանիքին պատկանող բիզնեսների միջև կատարված գործարքները:
Դեռևս 2016-ի դեկտեմբերին «Արմենպրես»-ը, հղում կատարելով azadliq.info-ին՝ տեղեկացրել էր, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի ընկերությունը (Trump Organization) դադարեցնում է Ադրբեջանում իրականացվող նախագծերի լիցենզավորված պայմանագրերը:
Trump Organization-ի փոխնախագահի փոխանցմամբ`Թրամփի այս որոշումը պայմանավորված էր նրանով, որ նորընտիր ԱՄՆ նախագահը 2017 թվականի հունվարի 20-ին տեղի ունեցած նախագահական երդմնակալությունից առաջ ցանկանում էր խուսափել բիզնես շահերի եւ իր քաղաքական դերի հնարավոր հակասություններից:
Բաքվի կենտրոնում գտնվող Trump Tower անվանումը կրող 33 հարկանի հյուրանոցի շինարարական աշխատանքները ավարտվել էին դեռեւս 2015 թվականին, սակայն հյուրանոցի բացումը չէր կատարվել:
Դեռ 2016-ի մայիսին The Washington Post թերթը հոդված էր հրապարակել այն մասին, որ վերոհիշյալ աշտարակը պատկանում է ոչ թե Դոնալդ Թրամփին, այլ Ադրբեջանի տրանսպորտի և կապի նախարար Զիա Մամեդովի որդուն՝ Անար Մամեդովին: Վերջինս հանդիսանում է «Գարանտ Հոլդինգի» տնօրենը և Trump Tower-ի սեփականատերը: Անար Մամեդովը Թրամփից պարզապես գնել էր վերջինիս անվանումը: