Թերեզա Մեյն ստացել է շոտլանդական հանրաքվեի անցկացման խնդրագիրը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի դիվանատունն ստացել է Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվեի անցկացման խնդրագիրը, որն ստորագրել է շոտլանդական կառավարության ղեկավար Նիկոլա Սթերջենը: Այդ մասին, ինչպես հայտնել են վարչապետի դիվանատանը:
«Էապես փոփոխվող այս պայմաններում Շոտլանդիայի ժողովուրդը պետք է իրավունք ունենա ընտրելու իր ապագան, այն է՝ օգտվի ինքնորոշման իր իրավունքից»,-ասված է խնդրագրի տեքստում:
Մարտի 28-ին Շոտլանդիայի խորհրդարանի պատգամավորները պաշտպանել են մեկուկես կամ երկու տարի անց տարածաշրջանի անկախության շուրջ երկրորդ հանրաքվեն անցկացնելու Շոտլանդիայի ազգային կուսակցության նախաձեռնությունը:
Ավելի վաղ Թերեզա Մեյն այն կարծիքն է հայտնել, որ Եվրամիությունից երկրի առաջիկա դուրս գալը թույլ կտա ստեղծել ավելի համախմբված ազգ, որը, պահպանվելով ներկայիս սահմաններում, կդառնա «մի ուժ, որին անկարելի կլինի կանգնեցնել»:
«Մենք կօգտվենք ավելի գլոբալ Մեծ Բրիտանիա կերտելու հնարավորությունից», հայտարարել է վարչապետը, որի խոսքով՝ Բրյուսելի հետ կայանալիք բանակցություններում իր հիմնական գերակայությունը «ավելի համախմբված ազգի ստեղծումն է»: «Ես վստահ եմ, որ երբ մենք համատեղ ենք աշխատում, մեր հնարավորությունների համար սահմաններ չկան: Երբ այնպիսի երկրների մեծ դաշինքը, ինչպիսք են՝ Անգլիան, Շոտլանդիան, Ուելսը եւ Հյուսիսային Իռլանդիան, որոշում է հասնել ինչոր բանի եւ անձնուրաց աշխատում է միասին, մենք դառնում ենք մի ուժ, որին անկարելի է կանգնեցնել»,-ընդգծել է Մեյը:
Մեյն ասել է, որ հենց «Միացյալ Թագավորության կառավարությունն է երկիրը ներկայացնելու» Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության դադարեցման պայմանների շուրջ Բրյուսելում անցկացվելիք բանակցություններում:
«Մենք ԵՄ-ի հետ բանակցությունների ընթացքում ուշադրության ենք առնելու բոլոր տեսակետները: Եվ ես կցանկանայի հիշեցնել, որ Շոտլանդիան Միացյալ Թագավորության բաղկացուցիչ մասն է: Այժմ անկախության երկրորդ հանրաքվեն քննարկելու ժամանակը չէ»,-հայտարարել է Մեյը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: