«Պետք է հասկանանք, որ այն իրավունքը, որն ունենք, չպետք է ծախենք, դա մեր իրավունքն ու ձայնն է». Էրիկ Նազարյան

«Ուզում ենք հասկանալ՝ ինչպես է կատարվում այս ընտրական գործընթացը»,- այսօր այս մասին «Սփյուռքի հայտնի հայերը ընտրություններին՝ որպես դիտորդ» թեմայով մամլո ասուլիսի ընթացքում ասաց ամերիկահայ կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը:

Նա տեղեկացրեց, որ ծնվել է ՀՀ-ում, չորս տարեկանից ապրել է ԱՄՆ-ում, հաճախ եկել է ՀՀ, բայց ժամանակի ընթացքում իրեն հայրենիքում աքսորված է զգացել։ «Որքան ժամանակն անցնում է, ավելի շատ եմ զգում այդ աքսորվածությունը։ Հայաստանում տիրող անտարբերությունն էր կարևոր մեր որոշման համար, տարիների ընթացքում շատ-շատ էի տեսնում այդ ապատիան։ Սա միայն ընտրությունների մասին չէ, մենք երեկ չենք ծնվել, գիտենք՝ ինչեր են կատարվում։ Այս խնդիրները ոչ թե պետք է մեկ օրվա ընթացքում լուծվեն, այլ երկխոսությունն այս հարցերի շուրջ պետք է շարունակվի և պարզ մտածվի, կոնկրետ ռեալ պոլիտիկով հասկանանք՝ ինչ ենք կարողանում մենք անենք։ Մենք պետք է հասկանանք, որ այն իրավունքը, որն ունենք, չպետք է ծախենք, դա մեր իրավունքն ու ձայնն է։

Մենք ուզում ենք հասկանալ, թե այս ընտրության գործընթացն ինչպես է կատարվում, մեխանիզմը, թերությունները, հնարավորությունները, ոչ թե երկրում տուրիստ լինենք»,- նշեց Էրիկ Նազարյանը։ Վերջինիս խոսքով՝ իրենց որոշման պատճառներից մեկն էլ Սփյուռքում տիրող անտարբերությունն է, որը ևս ցանկանում են կոտրել։

«Եթե չես հետաքրքրվում, ասում են՝ չես հետաքրքրվում, եթե հետաքրքրվում ես, ինչպես մի քանի օր առաջ մի խումբ երիտասարդներ ասացին, որ այստեղ չեք ապրում, հարկ չեք վճարում, ձմեռը չեք տեսնում, ի՞նչ գործ ունենք։ Բայց Այվազովսկին Արարատը չի տեսել, երբ նկարել է, կամ Քըրք Քըրքորյանը չի ապրել Հայաստանում, որ այսքան հովանավորել է, այս հասկացողությունը ևս պետք է փոխվի հայաստանցիների և Սփյուռքի միջև»,- ասաց սցենարիստ Էրիկ Նազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս