Որ ուժերը կհայտնվեն խորհրդարանում. կանխատեսում քաղտեխնոլոգներից

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզչությանը ներգրավված ուժերը կիրառում էին քաղաքական տեխնոլոգիաներ, ընտրազանգվածի հետ առավել ինտենսիվ ու սերտ շփման հնարքներ: Քարոզարշավի վերջին օրը «Արմենպրես»-ի խնդրանքով քաղտեխնոլոգներն ամփոփում են ընտրարշավի արդյունքներն ու փորձում կանխատեսումներ անել քվեարկության ելքի վերաբերյալ:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և «Ծառուկյան» դաշինքն առաջիկա ընտրությունների ֆավորիտներն են:

«Ազգային ժողովի 2017 թվականի ընտրություններին առավելագույնը 6 քաղաքական ուժ հնարավորություն ունի նվազագույն շեմը հաղթահարելու: Կարծում եմ՝ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն կկազմի ի հաշիվ ռեյտինգային ցուցակով ընդգրկված թեկնածուների»,- ասաց Կարեն Քոչարյանը:  «Ելք» դաշինքի, «Ազատ դեմոկրատներ», ՀՅԴ և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների նվազագույն շեմը հաղթահարելու հնարավորությունները, նրա դիտարկմամբ, բարձր են: Ցածր է գնահատում Հայաստանի Կոմունիստական կուսակցության և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հնարավորությունը, իսկ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ խորհրդարան անցնելու հարցը մշուշոտ է:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն իր հերթին ցածր է գնահատում Կոմունիստական և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների հնարավորությունները:

«ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը որևէ խնդիր չեն ունենալու խորհրդարան անցնելու: «Ելք», «Կոնգրես-ՀԺԿ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքների, ՀՅԴ, ՀՎԿ կուսակցությունների հնարավորությունները 50/50 տոկոս եմ գնահատում: Դրանց հիմնական նպատակն է լինելու հաղթահարել նվազագույն շեմը»,- ասաց Բադալյանը:

Տեսանյութեր

Լրահոս