«Ում էլ որ ձեր ձայնը տաք, կանգնելու ենք ձեր որոշման մեջքին». Թանկյանը կոչ արեց անպայման մասնակցել ընտրություններին

«Ցանկանում ենք աջակցել Հայաստանում արդարության ձևավորմանը»,- այսօր այս մասին «Սփյուռքի հայտնի հայերը ընտրություններին՝ որպես դիտորդ» թեմայով մամլո ասուլիսի ընթացում ասաց ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը՝ մի քանի ուղերձներ հղելով ՀՀ ընտրողներին ապրիլի 2-ին կայանալիք քվեարկությանն ընդառաջ։

Նա տեղեկացրեց, որ իրենց՝ Սփյուռքի ներկայացուցիչների համար մեծ պատիվ է լինել Հայաստանում և մասնակցել ՀՀ-ում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին՝ որպես դիտորդ։

«Մենք վախենում էինք նրանից, ինչ տեղի կունենա Հայաստանում՝ հաշվի առնելով «Սասնա ծռերի» իրավիճակը և լարվածությունը երկրի ներսում, վերջին տարիների անարդարությունը, հասարակական անտարբերությունը։ Մենք ցանկանում էինք մասնակցել ընտրություններին, որպեսզի աջակցենք ձևավորել արդարություն Հայաստանում, որպեսզի այն կայանա Հայաստանում։ Սփյուռքի ներդրման տեսանկյունից սա փոքր մասնակցություն է, բայց ավելի լայնորեն այստեղ շատ կամավոր դիտորդներ կան, ողջունում եմ նրանց։ Եկել ենք ձեր մեջքին կանգնելու»,- ասաց Թանկյանը։ Աշխարհահռչակ ռոք երաժիշտը տեղեկացրեց, որ երեկ՝ որպես դիտորդներ, վերապատրաստում են անցել «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպությունում, որպեսզի պատրաստ լինեն իրենց դիտորդական առաքելությանը։

Նա ընդգծեց, որ շատ կարևոր է, որպեսզի մարդիկ իմանան, որ իրենք չունեն շահ այս քվեարկության հարցում, քանի որ ՀՀ-ում ընտրելու իրավունք չունեն, ընտրությունների մասնակից չեն, անկուսակցական են։ «Բոլորը միմյանց մեղադրում են՝ արևմտամետ, արևելամետ, մենք թքած ունենք։ Մեզ համար կարևորը հայ ժողովրդի կամքն ու փափագն է այս ընտրություններում։ Որևէ քաղաքական ուժի չենք համակրում։ Մենք պրոֆեսիոնալ դիտորդ չենք, մեր առաքելությունն է՝ ներշնչել ձեզ, որ գնաք ու քվեարկեք։ Խարդախություններ կան, բոլոր երկրներում կան, ԱՄՆ-ում խարդախություն կա, էշ Թրամփն ինչպե՞ս նախագահ եղավ։ Երեք միլիոն ավելի մարդ քվեարկել էր Հիլարիի օգտին, բայց Թրամփը հաղթեց, դա խարդախություն չէ՞։ Ամեն երկիր կոռուպցիա ունի, դա չպետք է խոչընդոտի քվեարկությանը, մարդիկ պետք է քվեարկեն և տեր կանգնեն իրենց ձայնին։ Եթե իրենց ձայնը չներկայացվի, իրավունք ունեն գտնել այդ ձայնի պատասխանատուին։ Ես չեմ հավատում բռնությանը, կարծում եմ, որ երկուսուկես միլիոն մարդուն հնարավոր չէ բռնանալ ու ստիպել։ Ընտրություններին չմասնակցելը ձև չէ, երկուսուկես միլիոնին բռնանալ հնարավոր չէ, մերն է ուժը, և մենք ենք տերն այս ամենի։ Ում էլ որ ձեր ձայնը տաք, մենք աջակցելու ենք և կանգնելու ձեր որոշման մեջքին»,- ասաց Թանկյանը՝ երիտասարդներին կոչ անելով անպայմանորեն մասնակցել ընտրություններին։
 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս