«Հաշվի առեք այն փաստը, որ մենք և մի շարք այլ միջազգային հ/կ-ներ թույլտվություն չենք ստացել դիտորդական առաքելություն իրականացնել ՀՀ-ում». Ադամ Բուսուլեանու
Եվրոպական ժողովրդավարական ընտրությունների պլատֆորմի ներկայացուցիչ Ադամ Բուսուլեանուն, ով Հայաստան է եկել խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնեց այն կապակցությամբ, որ իրենց Հայաստանում մերժել են հավատարմագրել՝ որպես դիտորդական կազմակերպություն:
Նա նշեց, որ իրենց կազմակերպությունը 14 տեղական ընտրական դիտորդական առաքելությունների դաշինք է: Ա. Բուսուլեանուն ասաց, որ իրենք Արևելյան և Արևմտյան Եվրոպական երկրներից աջակցում են անկախ դիտորդական առաքելության կառույցներին, նախաձեռնություններին:
«Ես աստեղ եմ՝ հայտնելու մեր մտահոգությունը, որ, չնայած այն փաստին, որ ժողովրդավարական պլատֆորմն աջակցում է Հայաստանի Եվրամիության պատվիրակությանը, Գերմանիայի դեսպանատանը և Եվրախորհրդին, մեզ մերժել են հավատարմագրել այն բացատրությամբ, որ երկրում արդեն շատ միջազգային դիտորդներ կան, որն ամբողջությամբ հակասում է այն միջազգային պարտավորություններին, որ ստանձնել է ՀՀ-ն՝ որպես ԵԱՀԿ անդամ: Մեր գործընկերների շնորհիվ է, որ մենք ի վերջո հավատարմագրվեցինք որպես թղթակիցներ տեղական լրատվամիջոցների համար այն կայքերում, որ ստեղծված են մեր գործընկեր կազմակերպությունների կողմից:
Կցանկանայի դիմել միջազգային համայնքին և խնդրել հաշվի առնել այն փաստը, որ մենք և մի շարք այլ միջազգային հասարակական կազմակերպություններ չենք հավատարմագրվել, թույլտվություն չենք ստացել դիտորդական առաքելություն իրականացնել: Սա ուղիղ հասցեագրվում է ՀՀ կառավարությանը»,- նշեց Ա. Բուսուլեանուն: