Բաժիններ՝

Ֆրանսիացիները դժգոհ են «դավաճան» Վալսից, որն աջակցում է Մակրոնին. France Info

Հարցմանը մասնակցած ֆրանսիացիների 61 տոկոսը հանդես է գալիս այն բանի դեմ, որ երկրի նախկին վարչապետ Մանուել Վալսը մտադիր է նախագահական ընտրություններում աջակցել «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին: Այս մասին վկայում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որը կատարվել է France Info ռադիոկայանի պատվերով:

Հարցվածների մեծ մասի կարծիքով՝ Վալսը «դավաճանաբար խախտել է» Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության գծով իր զինակից, կուսակցության պաշտոնական թեկնածու Բենուա Ամոնի աջակցությամբ հանդես գալու «ավելի վաղ ստանձնած պարտավորությունները»:

Հակառակ կարծիքի է հարցման մասնակիցների սոսկ 37 տոկոսը, որոնք ողջունում են Վալսի որոշումը: Հարցմանը մասնակցած՝ սոցկուսակցության կողմնակիցներն ու անդամները գործնականում բաժանվել են երկու տարբեր ճամբարների, ինչը վկայում է այդ կազմակերպության մեջ տիրող չափազանց լարված իրադրության մասին: Ստացված տվյալների համաձայն՝ 52 տոկոսը դատապարտում է Վալսին, մինչդեռ 48 տոկոսը պաշտպանում է նրան:

Հարցումը կատարվել է մարտի 29­-ին եւ 30­-ին Համացանցում՝ 1019 մարդու ներկայացուցչական ընտրանքի հիման վրա: Ավելի վաղ Ֆրանսիայի նախկին վարչապետ սոցիալիստ Մանուել Վալսը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում մտադիր է պաշտպանել կենտրոնամետ թեկնածու Էմանուել Մակրոնին, այլ ոչ թե իր կուսակցությունից հավակնորդ Բենուա Ամոնին:

«Ես չեմ կարող գնալ հանրապետության համար որեւէ ռիսկի: Ես քվեարկելու եմ Էմանուել Մակրոնի օգտին»,­-հայտարարել է Վալսը՝ հանդես գալով BFM հեռուստաալիքի եթերում: Դա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ մտադիր չէ որեւիցե կերպ մասնակցել Մակրոնի նախընտրական արշավին:

Հունվարին կրթության նախկին նախարար Բենուա Ամոնը առաջատարը դարձավ Սոցիալիստական կուսակցության փրայմերիզների արդյունքներով՝ առաջ անցնելով իր գլխավոր մրցակցից՝ Մանուել Վալսից:

France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում Ամոնը հայտարարելէ, թե զարմացած չէ իրեն աջակցելուց Վալսի հրաժարումից: Դա ուղղված է ինձ թուլացնելուն: Իմ ընտրարշավում ես խոսում եմ ֆրանսիացիների առօրյա կյանքի, այլ ոչ թե Վալսի կյանքի մասին»,­-հայտարարել է Ամոնը:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը նշանակված է ապրիլի 23­-ին: Ինչպես սպասվում է, հիմնական պայքարը կծավալվի ծայրահեղ աջ «Ազգային ճակատ»­ի առաջնորդ Մարին լե Պենի, կենտրոնամետ Էմանուել Մակրոնի եւ աջ կենտրոնամետ Ֆրանսուա Ֆիյոնի միջեւ:

Ընտրությունների ֆավորիտը համարվում է Մակրոնը: Փորձագետները կարծում են, որ նա լե Պենի հետ դուրս կգա երկրորդ փուլ եւ այնտեղ կգերազանցի լե Պենին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս