Ովքե՞ր են ապրիլի 2-ի ընտրությունների ստվերային մոդերատորները. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այս ընտրությունները նախորդներից տարբերվում էին նաև նրանով, որ որոշ հայտնի գործիչներ, չլինելով կուսակցությունների համամասնական ցուցակներում, կողքից աջակցում կամ ղեկավարում էին նախընտրական քարոզչությունը։

Նման դերակատարում ունեին, օրինակ, Ամարասի Արթուրն ու Ազատ Արշակյանը, որոնք Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի կողքին էին, բայց ցուցակներում չկային։ Նրանց, հատկապես Ազատ Արշակյանին կարելի էր տեսնել ՕՐՕ-ի մարզային այցելությունների ժամանակ։ Նա քարոզչական խմբի հետ այցելում էր մարզեր, նախապատրաստում դաշինքի առաջնորդների հանդիպումները, անձամբ քարոզում՝ ընտրել դաշինքին։ Անգամ ձայնն էր խզվել՝ այնքան խոսել էր։ Մյուսը Սամվել Բաբայանն է, որը ոչ պաշտոնապես ղեկավարում էր ՕՐՕ դաշինքի նախընտրական շտաբը և նաև դրա արդյունքում հայտնվեց բանտում, բայց ընդգրկված չէր նախընտրական ցուցակում։

Բնականաբար, այս ցանկում է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, որը չկա ՀՀԿ նախընտրական ցուցակում, բայց ողջ քարոզչությունը կառուցված է նրա վրա, և նա ակտիվորեն քարոզում է ընտրել Հանրապետականին ու ղեկավարում է իշխող կուսակցության նախընտրական պայքարը։ ՀՀԿ քարոզչությանն ակտիվորեն մասնակցում է նաև Գագիկ Բեգլարյանը, բայց ընդամենը եղբոր՝ Հակոբ Բեգլարյանի օգտին։ Մամուլում գրվեց, որ նա անգամ լրագրողների հետ շփումներն է անձամբ կառավարում և գրեթե ամեն օր եղբոր նախընտրական շտաբ է գալիս։ Մյուս ակտիվ դերակատարը, որը պատգամավորության թեկնածու չէ, սակայն ակտիվորեն ներգրավված է քարոզարշավում, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, ով որոշել է ապացուցել, որ ինչքան էլ «ուղտը սատկի, կաշին մի իշաբեռ է» և գործի է դրել բոլոր կապերը՝ հօգուտ Ծառուկյան դաշինքի և որդու՝ Արգամ Աբրահամյանի»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս